Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներին Երևանի 53-ամյա տղամարդը հայտնել է, որ ժամը 09։30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 52 հասցեում գտնվող «Երևանի» թիվ 27 հիմնական դպրոցում նույն դպրոցի 9-րդ դասարանի աշակերտը վիճաբանության ժամանակ իր քրոջ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ, ապա բռունցքով մի քանի անգամ հարվածել է իր դեմքին և իրեն պատճառել ֆիզիկական ցավ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Շենգավիթի ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ անչափահասը հանդիսանում է Երևանի բնակիչ 16-ամյա Հ․ Հ․-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով նույն օրը երեկոյան Սարգիս Ս․-ն «ԳՈՒՎ» նախնական ախտորոշմամբ շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով տղամարդը աշխատում է «Երևանի» թիվ 27 հիմնական դպրոցում, որպես պահակ, իսկ նրա քույրը նշված դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողն է։