Քննարկվել են Կառավարություն-մասնավոր հատված համագործակցության խորացմանն առնչվող մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանին և քննարկել Կառավարություն-մասնավոր հատված համագործակցությանխորացմանն առնչվող մի շարք հարցեր:

Հիշեցնենք, որ «Հայփոստ»-ը պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներից է, որը մատուցում է 67 պետական ծառայություն:

Խուան Պաբլո Գեչիջյանը ներկայացրել է այս ոլորտում զարգացման իրենց տեսլականը և Հայաստանում գործող «Հայփոստ»-ի բոլոր գրասենյակների կողմից պետական ծառայություններ մատուցելու հնարավորությունները:

Նախարար Զեյնալյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը հետաքրքրված է այս ինստիտուտի զարգացմամբ՝ ընդգծելով, որ պետական ծառայությունները քաղաքացիներին մոտեցնելով շահում են և՛ պետությունը, և՛ քաղաքացին: «Շահագրգռված ենք համագործակցությունը խորացնելու հարցում, հաստատում եմ ոլորտը զարգացնելու վերաբերյալ մեր հանձնառությունը»,- նշել է Արտակ Զեյնալյանը:

Նշենք, որ միասնական գրասենյակներում ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության սպասարկման գրասենյակների, Անշարժ գույքի կադաստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ արտաքին գործերի նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող մի շարք ծառայություններից:

Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքիմիջոցով՝ http://moj.am/services/service_offices:

Leave a comment