OpenAI հրաժարվել է The Walt Disney Company-ի հետ 1 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագրից

OpenAI-ը հրաժարվել է ոչ միայն Sora տեսանյութերի գեներատորից, այլև The Walt Disney Company-ի հետ 1 մլրդ դոլարի ներդրումային համաձայնագրից: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։

Դեկտեմբերին The Walt Disney Company-ն և OpenAI-ն պայմանավորվել էին, որ մեդիաընկերությունը կներդնի 1 մլրդ դոլար Sora ստարտափում և կտրամադրի իր կերպարների օգտագործման լիցենզիոն իրավունքներ վիդեոկոնտենտում։ Համաձայնագրի շրջանակում Disney-ը պետք է հնարավորություն ստանար օգտագործել OpenAI-ի գործիքները սեփական արտադրանք ստեղծելու համար, իսկ նրա աշխատակիցները՝ մուտք ChatGPT։

Մեկնաբանելով համաձայնագրի դադարեցումը՝ The Walt Disney Company-ն հայտարարել է, որ հարգանքով է վերաբերվում OpenAI-ի որոշմանը՝ դուրս գալ վիդեոկոնտենտի ստեղծման բիզնեսից և կենտրոնանալ այլ ուղղությունների զարգացման վրա։

«Մենք կշարունակենք համագործակցել ԱԲ հարթակների հետ՝ գտնելու երկրպագուների հետ փոխգործակցության նոր ձևեր՝ պատասխանատու կերպով ներդնելով նոր տեխնոլոգիաներ, որոնք հարգում են մտավոր սեփականությունն ու ստեղծողների իրավունքները», – նշել է Disney-ը։

Սեմ Ալթմանը մարտի 24-ին աշխատակիցներին հայտնել է, որ ընկերությունը կդադարեցնի այն արտադրանքների աջակցությունը, որոնք օգտագործում են իր գեներատիվ մոդելները տեսանյութեր ստեղծելու համար։ Այս որոշումը կվերաբերի նաև Sora-ին։ ChatGPT չաթբոտը նույնպես այլևս չի աջակցի վիդեոֆունկցիոնալին։

Այս քայլը OpenAI-ի կողմից ձեռնարկվող միջոցներից մեկն է՝ բիզնես խնդիրների և ծրագրավորման գործառույթների վրա կենտրոնանալու համար՝ նախնական հրապարակային առաջարկի նախաշեմին, որը կարող է կայանալ արդեն այս տարի:

Վերջին շրջանում ընկերությունը փոխում է իր ռազմավարությունը՝ կենտրոնացնելով հաշվարկային հզորություններն ու մասնագետների ուշադրությունը ռոբոտատեխնիկայի և արտադրողականությունը բարձրացնող գործիքների վրա՝ ինչպես բիզնեսի, այնպես էլ անհատ օգտատերերի համար։

Անցյալ շաբաթ OpenAI-ն հայտնել էր, որ նախատեսում է միավորել ChatGPT-ն, Codex ծրագրավորման հարթակը և բրաուզերը մեկ «սուպերհավելվածի» մեջ՝ նախտեսված համակարգիչների համար։ Ղեկավարությունը հույս ունի, որ գործիքների ինտեգրումը կօգնի օպտիմալացնել ռեսուրսները՝ Anthropic-ի հետ մրցակցության ֆոնին ։

Sora-ն գործարկվել էր 2024 թվականի դեկտեմբերին՝ սահմանափակ հասանելիությամբ։ Հավելվածը թույլ էր տալիս օգտատերերին ստեղծել իրատեսական տեսանյութեր տեքստային նկարագրությունների հիման վրա։ Ընդլայնված հասանելիությունը բացվել էր անցյալ տարվա վերջում։

OpenAI-ի որոշ աշխատակիցներ զարմացած էին Sora նախագծում ներգրավված հաշվարկային ռեսուրսների ծավալից՝ հաշվի առնելով, որ բավարար պահանջարկի վերաբերյալ հստակ ապացույցներ չկային։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment