«Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանը լրագրողների հետ զրույցում կոշտ գնահատականներ է տվել երկրի անվտանգության վիճակին և գործող իշխանությունների քաղաքականությանը՝ շեշտելով, որ առանց զսպման կարողությունների Հայաստանը չի կարող ունենալ իրական անվտանգություն։
Նրա խոսքով՝ իշխանությունները ձախողել են բանակի արդիականացումը և պաշտպանական համակարգի զարգացումը․
«Եթե դուք չեք կարողանում մեր երկրի համար զարգացնել զսպման կարողությունները, ամրապնդել բանակը, դուք պետք է հեռանաք: Եթե դուք կարծում եք, որ դա հնարավոր չէ, դուք նորից պետք է հեռանաք»։
Նա պնդել է, որ իշխանությունները փորձում են իրենց ձախողումները քողարկել քաղաքական օրակարգով․
«Ակնհայտ է, որ նրանք ուզում են իրենց ձախողումները թաքցնել այն հարցի տակ, թե ով է խաղաղությանը կողմ, ով՝ պատերազմին»։
Թաթոյանը որպես օրինակ բերել է Երասխում տեղի ունեցած դեպքը՝ այն կապելով անվտանգության բացերի հետ․
«Մի քանի կրակոցների և սպառնալիքների պատճառով գործարանը տեղափոխվեց. սա արդյունք է այն բանի, որ մեր պաշտպանական կարողությունները ձախողված են»։
Նա նաև հրապարակային բանավեճի հրավեր է ուղղել՝ այդ համատեքստում հիշատակելով Նիկոլ Փաշինյանին․
«Ես Նիկոլ Փաշինյանին հրավիրում եմ բանավեճի. եթե վախենում է գալ, կարող է որևէ պատասխանատու ուղարկել»։
Թաթոյանի խոսքով՝ խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր են միայն համապարփակ հիմքերի վրա, սակայն դրանց հիմքում պետք է լինի ուժեղ պաշտպանական համակարգը․
«Մեզ պետք են զսպման կարողություններ, որպեսզի ցանկացած երկիր մեր վրա հարձակվելուց առաջ տասն անգամ մտածի»։
Նա ընդգծել է, որ արդյունավետ ինքնապաշտպանությունը պետք է դառնա առաջնահերթություն․
«Մենք պետք է ունենանք արդյունավետ պաշտպանական կարողություններ, որոնք կկանխեն ցանկացած ագրեսիա»։
Թաթոյանի գնահատմամբ՝ վերջին շրջանում հասարակության վրա գործադրվող «պատերազմի սպառնալիքներով ճնշումը» ևս իշխանությունների ձախողման հետևանք է։