ՍԴ «աղքատ» դատավորը, որ երեկ դեռ պատգամավոր էր. ի՞նչ ունեցվածք ունի Վլադիմիր Վարդանյանը

Այսօր Ազգային ժողովում հաստատվեց ՔՊ-ական նախկին պատգամավոր Վլադմիր Վարդանյանի՝ ՍԴ դատավոր լինելու որոշումը։

Իսկ ի՞նչ ունեցվածքով է Վարդանյանը լքում ԱԺ-ն. MediaHub-ն ուսումնասիրել է նրա՝ 2025 թվականին ներկայացրած անշարժ գույքի և եկամուտների մասին հայտարարագիրը, որը վերաբերում է 2024 թվականին և նկատեց, որ Վարդանյանն ունի մեկ բնակարան, որը ձեռք է բերել ժառանգության եղանակով՝ 2001 թվականին։

Նրա  հաշվետու տարվա սկզբում առկա փոխառության գումարը կազմել է 53 մլն 974 հազար դրամ, ինչը հաշվետու տարվա վերջում նույն չափով պահպանվել է։

Այժմ ՍԴ դատավորի բանկային հաշվի մնացորդներից մեկը կազմել է 1 մլն 23 հազար դրամ, ինչը տարվա վերջում կրկնապատկվել է՝  2 մլն 417 հազար դրամ, մյուսը՝  267 եվրո, որն էլ տարվա վերջում դարձել է  1,310  եվրո։

Վլդամիր Վարդանյանի կանխիկ գումարը 1,200 դոլարից դարձել է 2,850 դոլար, 650 հազար դրամը՝ 1 մլն 350 հազար դրամ, և 2,600 եվրոն՝  4,650։

Արդեն նախկին ՔՊ-ական պատգամավոր Վարդանյանի հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 968 հազար դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն 52 հազար դրամ, որից 47 մլն 469 հազար դրամը նոր բնակարանի հիփոթեքի գումարն է։ 

Նշենք, որ Վարդանյանի ունեցվածքը բավականին համեստ է մի շարք ՔՊ-ականների համեմատ։ Տեսնենք՝ հետագայում ինչ կհայտարարագրի նա՝ արդեն որպես ՍԴ դատավոր, որի աշխատավարձը անհամեմատ բարձր է պատգամավորի աշխատավարձից, և ինչպես կազդի նոր պաշտոնը նրա կյանքի որակի վրա։ 

Էմմա Մարտիրոսյան

Leave a comment