Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին բարձր է գնահատել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին՝ իրանցի ժողովրդի նկատմամբ մարդու իրավունքների խախտումները դատապարտելու համար:
«Միջազգային իրավունքը գործնականում կորցրել է իր ուժը՝ Գազայի, Սիրիայի, Ուկրաինայի հարցում Արևմուտքի որդեգրած երկակի ստանդարտների և Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան ագրեսիայի վերաբերյալ լռության պատճառով: Այդուհանդերձ, պետք է տուրք մատուցել նախագահ Շտայնմայերին՝ իրանցիների նկատմամբ իրականացվող խախտումները դատապարտելու համար: Նրանք, ովքեր գնահատում են օրենքի գերակայությունը, նույնպես պետք է բարձրաձայնեն», – գրել է Արաղչին X սոցիալական ցանցում:
Ինչպես հայտնում է DW-ն, երեքշաբթի՝ մարտի 24-ին, Բեռլինում Գերմանիայի ԱԳՆ 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Շտայնմայերը քննադատել է Իրանում ընթացող ռազմական արշավը՝ հայտարարելով, որ այն «հակասում է միջազգային իրավունքին» և դրանից «հնարավոր էր խուսափել»։