Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգիստն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել

Քաղաքականություն

25.03.2026 | 12:29

Ուկրաինական ուժերը մարտի լույս 25-ի գիշերը անօդաչու սարքերով հարվածներ են հասցրել Ռուսաստանի շրջաններին: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ ուժերը գիշերը ոչնչացրել են 389 ուկրաինական անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։

Անօդաչուներով կրկին հարվածներ են հասցվել Լենինգրադի մարզին: Մոսկվայի ժամանակով 7:00-ին նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել է, որ տարածաշրջանի վրա խոցվել է 56 անօդաչու թռչող սարք: Հարձակումը հրդեհ է առաջացրել Ուստ-Լուգա նավահանգստում:

«Ֆոնտանկա»-ն հաղորդում է, որ «Պուլկովո» օդանավակայանում Մոսկվայի ժամանակով 8:30-ի դրությամբ՝ 49 չվերթ է հետաձգվել, իսկ ավելի քան 20-ը՝ չեղարկվել։

Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն իր հերթին հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գիշերը հրթիռային հարված են հասցրել տարածաշրջանին։ Նրա խոսքով՝ վնասվել են Բելգորոդի և Բելգորոդի շրջանի էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտները։

«Գրանցվել են էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման անջատումներ»,- Telegram ալիքում հայտնել է Գլադկովը։

Նա նաև նշել է, որ շուրջ 450,000 մարդ գիշերն առանց էլեկտրաէներգիայի է մնացել։ Նրանք Բելգորոդի և Բելգորոդի շրջանի, Շեբեկինսկի շրջանի և Յակովլևսկի շրջանի բնակիչներն են։ Շատերը ջրի և ջեռուցման անջատումներ են ունեցել։ Վերականգնողական աշխատանքները սկսվել են գրեթե անմիջապես։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment