Այսօր ռուսական ցորենի նոր խմբաքանակ կուղարկվի Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցորենով բեռնված հինգ վագոն կմեկնի Բաքվի ծայրամասում գտնվող Բիլաջարի կայարանից։ Այնուհետև գնացքը կշարժվի Բոյուկ-Քյասիկ կայարանով դեպի Վրաստան, որտեղից կուղևորվի Հայաստան։
Ռուսական ցորենի վերջին խմբաքանակն Ադրբեջանով Հայաստան էր ուղարկվել մարտի 19-ին. այդ ժամանակ առաքվել է 488 տոննա բեռ։
Նախօրեին էլ Բաքվի Բիլաջարի երկաթուղային կայարանից Հայաստան է ուղարկվել ռուսական պարարտանյութերով բեռնված չորս վագոն և մեկ վագոն հնդկաձավար։ Պարարտանյութի ընդհանուր քաշը 271 տոննա է, հնդկաձավարինը՝ 68 տոննա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի