Իշխանական շանտաժին հակազդելու միակ տարբերակը

«Հայաստանյան քաղաքական դաշտում երկու օրակարգ կա. մեկը խաղաղությունն է, մյուսը՝ պատերազմը»:

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան


«Ընդդիմադիրների գաղափարախոսությունն այն է, որ Հայաստանի գրեթե բոլոր հարեւան երկրների հետ տարածքային խնդիրներ ու պահանջներ կան: Ակնհայտ է, որ եթե այս մտայնությամբ մարդիկ իշխանության գան, անմիջապես խնդիր է առաջանալու հարեւանների հետ, շատ մեծ հավանականությամբ Հայաստանն անմիջապես կկանգնի նոր պատերազմի առաջ»:


Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան


«Պատերազմի կուսակցությունն ամեն օր դառնում է ակնհայտ: Այդ ուժերն ու շրջանակներն ասում են, որ դեմ չեն խաղաղությանը, երկրորդիվ խոսում են՝ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը: Այդ պատերազմը հղի է ոչ միայն տարածքային, այլեւ՝ ինքնիշխանության կորստով»:


Վարչապետ Նիկոլ Փաշինյան 

***

Այլեւս ակնհայտ է, որ «խաղաղության» եւ «պատերազմի» հակադրությունը իշխող քաղաքական ուժի նախընտրական քարոզարշավի առանցքն է: 
Նման «երկընտրանք» ձեւակերպելը, անշուշտ, բարոյական չէ, հատկապես մի քաղաքական ուժի կողմից, որը երկիրը 2020 թվականին տարավ պատերազմի՝ «Մյունխենյան սկզբունքներ» հռչակելով կամ Տավուշի մարտերից հետո Սարդարապատում շոու սարքելով
Բայց բարոյական հարցերը մի կողմ դնենք ու փորձենք շատ ռացիոնալ գտնվել: Եթե իշխանությունը պնդում է, որ իր պարտության դեպքում պատերազմն անխուսափելի է, ընդդիմախոսները պետք է հակառակն ապացուցեն: Ընդ որում, ոչ թե ասելով, որ «ոչ, պատերազմ չի լինելու», այլ հստակ պատասխանելով մի շարք հարցերի, որոնցից մի քանիսը կփորձեմ ձեւակերպել ստորեւ.
     1.    Ընդդիմադիր ուժերը պատրա՞ստ են Ադրբեջանի հետ ստորագրել 2025թ. օգոստոսին ԱՄՆ-ում նախաստորագրված «խաղաղության համաձայնագիրը», թե՞ փորձելու են Ալիեւի հետ նոր փաստաթուղթ բանակցել:
     2.    Ընդդիմադիր ուժերը պատրա՞ստ են կատարել Ադրբեջանի փաստացի նախապայմանը՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ: Եթե պատրաստ չեն, ի՞նչ քայլեր են ձեռնարկելու այդ նախապայմանը չեզոքացնելու համար:
     3.    Եթե մինչեւ հունիսի 7-ը Հայաստանն ու ԱՄՆ-ն TRIPP-ի վերաբերող իրավական ուժ ունեցող փաստաթուղթ ստորագրեն, արդյո՞ք ընդդիմությունը փորձելու է չեղարկել կամ փոփոխել այն՝ իշխանության գալու դեպքում:
     4.    Եթե մինչեւ ընտրությունները նման փաստաթուղթ չստորագրվի, արդյո՞ք ընդդիմությունը փորձելու է շարունակել TRIPP նախագիծը՝ հնարավոր հայեցակարգային փոփոխություններով:
     5.    Եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, արդյո՞ք շարունակելու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, որը թեեւ առայժմ շոշափելի արդյունքներ չի ապահովել, բայց առնվազն ապահովել է Թուրքիայի ղեկավարների հռետորաբանության մեղմացումը: 
Այս հարցերի պատասխանները կարեւոր են ոչ միայն իշխանությունների թեզերին հակազդելու, այլեւ ընտրողներին լուսավորելու համար: Անգամ եթե իշխանությունը «երկընտրանքն» ասպարեզ բերած չլիներ, այս հարցերի պատասխանները կարեւոր են: Ես՝ որպես ընտրող, այդ հարցերի պատասխանը չունեմ ու ուզում եմ ունենալ՝ անկախ նրանից, թե ինչ են քարոզում Փաշինյանը, Սիմոնյանը ու Միրզոյանը:
Եթե այս եւ նմանատիպ այլ հարցերի բանական պատասխաններ չհնչեն, սա կնշանակի, որ ընդդիմադիրները դրանք պարզապես չունեն: Եվ այդ պարագայում անհնար կլինի մեղադրել «շարքային ընտրողին», որը շոշափելի այլընտրանք չունենալով, ընտրեց «խաղաղությունը»:
Արա Թադեւոսյանը Մեդիամաքսի տնօրենն է

Leave a comment