Սանիտարահիգիենիկ նորմերի խախտման պատճառով մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցվել (ՖՈՏՈ)

Չի կանխարգելվել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների առաջացման և մասնիկների թափվելու հնարավորությունը. ՖՈՏՈ


ԵՐԵՎԱՆ, 24 մարտի․/ԱՌԿԱ/. ՍԱՏՄ-ն մանկապարտեզի խոհանոցի գործունեություն է կասեցրել։


Ինչպես հայտնել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Սյունիքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառում են իրականացրել Սյունիքի մարզի «Գորիս քաղաքի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում և պարզել, որ այնտեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ մի շարք նորմեր:


 Ի մասնավորի՝


– սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չի եղել այնպես, որ ապահովվի պատշաճ մաքրում և ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների ներթափանցումը և բորբոսների առաջացումը,


– հատակները, պատերը, դռները և առաստաղը չեն ունեցել հարթ և նորոգ մակերեսներ, պատրաստված չեն եղել անջրանցիկ,


-չներծծող, լվացվող և ախտահանվող նյութերից, չի կանխարգելվել կեղտի կուտակման, գոլորշու խտացման, անցանկալի բորբոսների առաջացման և մասնիկների թափվելու հնարավորությունը,


– սննդամթերքի հետ շփվող աշխատանքային մակերևույթները և սարքավորումները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,


– չի եղել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան և առանձին սանհանգույց:


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է:


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար վերահսկող կառույցը սահմանել է վերջնաժամկետ:




Leave a comment