Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Ծառուկյանը թե՛ քարոզարշավի ընթացքում, թե՛ նախընտրական փուլում ակտիվ հանդիպումներ է ունենալու հանրապետության գրեթե բոլոր համայնքներում։ Ըստ նրա՝ շփումները լինելու են անմիջական՝ բակային հանդիպումների ու զրույցների ձևաչափով, քանի որ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի դրույթները ձևավորվում են հենց քաղաքացիների բարձրացրած խնդիրների հիման վրա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գործելաոճին՝ Տոնոյանն անընդունելի է համարել աշխատանքային ժամանակը «տարօրինակ չելենջների» և տեսաուղերձների վրա ծախսելը՝ դա որակելով որպես հանրության ուշադրությունը կարևոր թեմաներից շեղելու փորձ։ Խոսնակը նաև շեշտել է, որ իշխանության ներկայիս «ցայտնոտային» վարքագիծը հարցեր է առաջացնում նրանց իրական վարկանիշի վերաբերյալ։ Խոսելով վարչապետի և արցախցի կնոջ միջադեպի մասին՝ նա ընդգծել է ազնվության գործոնը՝ նշելով, որ սեփական խոսքերը նախ հերքելը, ապա քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ներողություն խնդրելը չի շտկում իրավիճակը։
Մեկնաբանելով Գագիկ Ծառուկյանի անմեղության ճանաչումը՝ Տոնոյանը նշել է, որ թեև դատարանի որոշումն անսպասելի էր քաղաքականացված գործընթացների ֆոնին, սակայն սպասված էր իրավական առումով։ Նրա խոսքով՝ 6 տարի քննվող գործում Ծառուկյանի դեմ որևէ փաստ կամ ցուցմունք չի եղել։ Չնայած գործը վաղեմության ժամկետով կարճելու հնարավորությանը, պաշտպանական կողմի սկզբունքային դիրքորոշումն է եղել հասնել լիակատար արդարացման, ինչն էլ այսօր տեղի է ունեցել։