«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի

Հասարակություն

24.03.2026 | 10:14

Դատախազը որոշում է կայացրել «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու վերաբերյալ: Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում են Գլխավոր դատախազությունից:

«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի մարտի 18-ի հարցման՝ տեղեկացնում ենք, որ 2025 թվականի հունվարի 10-ին Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով դատախազը 2026 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել Ա.Օ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին»,- հայտնում են Դատախազությունից:

Վերը նշված հոդվածով սահմանվում է, որ Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմինե Օհանյանին հրավիրել էին Քննչական կոմիտե՝ 2025-ի տարեվերջին «Հրապարակ» օրաթերթում նրա գրած խմբագրականի համար:

 

Արաքս Մամուլյան

Leave a comment