«ՀՀ-ում «պատերազմի կուսակցությունները» բերում են խաղաղություն, իսկ «խաղաղության կուսակցությունները»՝ պատերազմ»». Կարեն Հեքիմյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տեր-Պետրոսյան Լևոնի իշխանության օրոք տեղի ունեցավ ղարաբաղյան առաջին պատերազմը: Հաղթեցինք: Սակայն, այնուամենայնիվ, պատերազմ էր, չէ՞: Այդ հանգամանքը չխանգարեց Տեր-Պետրոսյան Լևոնին հայտարարել, որ ինքը «խաղաղության կուսակցության» ղեկավարն է: Մասնավորապես` 1998 թվականի փետրվարին իր հրաժարականը ներկայացնելիս, Տեր-Պետրոսյան Լևոնը բառացի ասաց` ««խաղաղության կուսակցությունը» պարտվել է «պատերազմի կուսակցությանը»»:
     Այսինքն, ըստ Տեր-Պետրոսյան Լևոնի, 1998 թվականին իշխանության եկած անձինք ներկայացնում էին «պատերազմի կուսակցությունը»:
     Դրանից հետո` ընդհուպ մինչև 2018 թվականը, Հայաստանում իշխում էր «պատերազմի կուսակցությունը»: Հարկ եմ համարում հիշեցնել, որ այդ 20 տարիների ընթացքում Հայաստանը լայնածավալ պատերազմների մեջ չի ներքաշվել:
     Տրամաբանորեն` 2018 թվականին «պատերազմի կուսակցությունը» պարտվեց «խաղաղության 2-րդ կուսակցությանը»: Հարկ եմ համարում հիշեցնել, որ «խաղաղության 2-րդ կուսակցության» իշխանության օրոք եղան մեկ լայնածավալ և մի քանի լոկալ պատերազմներ, հայաթափվեց հայկական բնօրրան, զիջվեցին տարածքներ:
     Այժմ «խաղաղության 2-րդ կուսակցությունը» հայտարարում է նոր պատերազմի հավանականության մասին:
     Այժմ եկեք համադրենք բոլոր փաստերը և արձանագրենք, որ Հայաստանում «պատերազմի կուսակցությունները» բերում են խաղաղություն, իսկ «խաղաղության կուսակցությունները»` պատերազմ»:

Leave a comment