Փետրվարի 28-ից Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սկսած ռազմական գործողությունները հայաստանյան տեղեկատվական տիրույթում մանիպուլյատիվ ու քարոզչական թեզերի գեներացման և շրջանառության առիթ են դարձել։
«Փաստերի ստուգման հարթակը», մասնավորապես, ուսումնասիրել ու ամփոփել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների՝ Հայաստանի վրա ազդեցության վերաբերյալ թեզերը, ինչպես նաև ստուգել է դրանք սպասարկող որոշ տարածված պնդումների ճշմարտացիությունը։
Թեզ #1. TRIPP-ը` ռազմահետախուզական օբյեկտ ընդդեմ Իրանի
Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի համատեղ ռազմական գործողությունների մեկնարկից կարճ ժամանակ անց հայաստանյան մի շարք շրջանակներ համակարգված ձևով դաշտ նետեցին «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագիծն արժեզրկող, որպես սպառնալիք ներկայացնող մանիպուլյատիվ մի շարք թեզեր։
Տարբեր ԶԼՄ-ներ և հանրային-քաղաքական գործիչներ հատկապես ակտիվ սկսեցին տարածել հին թեզը, թե «TRIPP-ը ոչ թե տնտեսական և լոգոստիկ, այլ ռազմահետախուզական նպատակներ հետապնդող նախագիծ է, որն ուղղված է Իրանի դեմ»:
Այսպես, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Ստեփան Դանիելյանը PastInfo-ի հետ զրույցում մտացածին ու հիմնազուրկ պնդում է արել, թե իբր «TRIPP-ի շրջանակում պետք է տեղակայվեին հետախուզական կայաններ, որոնք կվերահսկեին Իրանը»։
| Ստեփան Դանիելյան. «Այդ համակարգը պետք է միանար Ադրբեջանում տեղակայված իսրայելական և բրիտանական հատուկ ծառայությունների ցանցին։ Բոլորը լսել են, որ Ադրբեջանում կան օդանավակայաններ, որտեղից ԱԹՍ-ներով հետախուզվում է Իրանի տարածքը։ Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ որոշ հարվածներ իրականացվել են Ադրբեջանի տարածքից։ Հայաստանը ԹՐԻՓՓ-ի միջոցով միանում էր այդ գլոբալ ծրագրին»՚։ |
| ՀՅԴ-ական գործիչներից մեկն էլ պրոռուսական լրատվամիջոցի հետ զրույցում անհիմն պնդում է արել, թե «ՆԱՏՕ-ական ուժեր են տեղեկայվելու TRIPP-ի անվտանգության ապահովման նպատակով», ապա դրա հիման վրա պնդել է՝ «դա «կարմիր գիծ» կլինի Իրանի համար, քանի որ փաստացի նշանակում է արևմտյան ռազմական կառույցների մոտեցում իր սահմաններին»։ |
Ավելի խորացնելով իր ենթադրությունները՝ վերջինս խոսել է նաև ՀՀ-ում «իսրայելական հավանական ներկայության մասին, ինչը Իրանը աննկատ չի թողնի»։
Ռազմահետախուզական նշանակության մասին որևէ պնդում չի հաստատվում
TRIPP-ի ռազմահետախուզական նախագծի շուրջ պնդումները հիմնված չեն որևէ արժանահավատ աղբյուրի վրա, որևէ փաստաթղթի կամ պաշտոնական աղբյուրի վրա․
- անհիմն են պնդումները TRIPP-ում Իսրայելի կամ ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայման մասին
- անհիմն են Ադրբեջանի ու Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ցանցին միանալու պնդումները
- Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված փաստաթղթերը վկայում են՝ TRIPP-ն ամբողջությամբ լոգիստիկ ու տնտեսական նախագիծ է։
Թեզ #2. «Եթե TRIPP-ը լիներ, ապա Իրանը կհարվածեր ՀՀ-ին»
Նախորդ թեզի համաձայն՝ TRIPP-ը «հակաիրանական՝ ընդհուպ մինչև ռազմահետախուզական նախագիծ է»․ քարոզչական նյութերում այս կեղծիքից բխեցվում է հաջորդ մանիպուլյատիվ թեզը, թե «TRIPP-ի գոյությունը Հայաստանը դարձնում է ռազմական թիրախ Իրանի համար»։
| Այսպես, ԶԼՄ-ները արտատպել էին ֆեյսբուքյան օգատատերերից մեկի պնդումը՝ «եթե հիմա TRIPP-ը կառուցված լիներ, իրանական հրթիռները այժմ այդ թվում և Սյունիքին էին հարվածելու»։ |
| «168 ժամի» տաղավարում բանախոսներից մեկը պնդել է․ «Եթե Իրանը հաղթած դուրս գա․․․ ապա իրենք շատ խիստ են տրամադրված լինելու, և երբ Հայաստանը TRIPP է ուզում ստեղծել և ամերիկացիների բերել, ապա պետք է պատրաստ լինի, որ հերթական այսպիսի ագրեսիայի ժամանակ Իրանը նաև Հայաստանի տարածքին է հարվածելու, որովհետև մենք տեսնում ենք, որ այս պահին Իրանը հարվածում է տարբեր երկրներում ոչ միայն ռազմական, այլև տնտեսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներին, որոնք իրենց ռազմական ուժով չեն մասնակցում, բայց ուղղակի տարածք են տրամադրել ԱՄՆ-ին։ Սա պետք է հաշվի առնել»։ |
| Կրեմլի քարոզիչներից Անդրեյ Արեշևը նույնպես ԱՄՆ-Իրան-Իսրայել պատերազմը վերլուծել է՝ TRIPP-ը ներկայացնելով «ԱՄՆ-Իրան հակասությունների ու բախման հարթակ»։ |
AlphaNews-ի եթերում մեկնաբանը նույնպես ներկայացնում էր, թե ինչու TRIPP-ը ՀՀ-ն կդարձներ թիրախ․ իր ենթադրությունը հիմնավորելու համար վերջինս անում է մի շարք կեղծ պնդումներ, մասնավորապես նշելով, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ևս ընդունել է»՝ TRIPP-ի շրջանակում կարող է այն տեսակ կարգավորումներ լինել, որ «Ադրբեջանից Հայաստան մտնող ապրանքները չզննվեն»։
| Բենիամին Մաթևոսյան․ «Ոչ միայն հայերը չզննեն, այլ առհասարակ որևիցե զննություն չլինի և լինի միայն արհեստական բանականություն: Հարգելի հեռուստադիտողներ դա իրականում ոչ այլ ինչ է, քան արտատարածքային միջանցք: Արտատարածքային միջանցքով կարող են այն տեսակ ապրանքներ, երկակի օգտագործման, եկեք այսպես, այս ամեն ինչը անվանենք այն տեսակ ապրանքներ տեղափոխվել, որոնք վտանգ կարող են ներկա կայացնել Իրանին։․․․պատկերացնեք հա՞, այդպիսի իրականություն, որ իրենց տարածքով, Հայաստանով նաև դեպի Նախիջևան, գնալու է այնպիսի ապրանք, որը վտանգ է ներկայացնելու Իրանի համար: Մենք ստանալու ենք մի իրավիճակ, երբ որ Սյունիքը վերածվելու էր երկու պատերազմող տերությունների բախման թաթերաբեմերից մեկը» |
Փաշինյանին վերագրվող խոսքեր, «բեռները չզննելու» կեղծ պնդում
Չնայած Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով խոսել է TRIPP-ում մաքսային և սահմանային վերահսկողության նորարարական տեխնոլոգիաների մասին, սակայն նա երբևէ չի հայտարարել, թե այդ ճանապարհով անցնող ապրանքները «չեն զննվելու»։
Ավելին՝ TRIPP-ում մաքսային և սահմանային վերահսկողության կարգավորումները հստակ ամրագրվում են: Մասնավորապես, 2026 թվականի հունվարին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոնի կողմից Վաշինգտոնում համատեղ հրապարակված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրականացման շրջանակում հստակ կերպով ամրագրվում է մաքսային վերահսկողությունը՝ ՀՀ օրենքներին համապատասխան՝ անկախ տեխնոլոգիական լուծումներից։
Փաստացի, AlphaNews-ի մեկնաբանի պնդումը, թե մաքսային հսկողության այս կամ այն տեխնոլոգիայի ներդրումը կարող է ենթադրել, որ բեռները չեն զննվելու, կեղծիք է․ միևնույն ժամանակ, Փաշինյանը խոսել է մաքսային զննության նորարարական կարգավորումներից, և ոչ թե զննության բացակայությունից։
Սրան զուգահեռ, մեկնաբանը շարունակում է կեղծիքի վրա հիմնված ենթադրությունները՝ «Իրանի համար վտանգ ներկայացնող երկակի ապրանքների» և դրա բերումով «Իրանի ենթադրյալ հարվածների» մասին։
Թեզ #3. «ԱՄՆ ներդրումները մեզ չեն փրկի»․ կիսատ ու մանիպուլյատիվ զուգահեռներ Ծոցի երկրների հետ
Հատկանշական է, որ ՀՀ-ում ամերիկյան ներդրումներով ստեղծվելիք ենթակառուցվածքների՝ այդ թվում TRIPP-ի, NVIDIA-ի արհեստական բանականության գործարանի և տվյալների կենտրոնի՝ Իրանի կողմից թիրախավորման թեզը զուգորդվում է մեկ այլ հիմնավորմամբ՝ Ծոցի արաբական երկրների թիրախավորման փաստով։
«Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հնչում է թեզը, թե ՀՀ-ում ստեղծվելիք ամերիկյան ենթակառուցվածքները «կթիրախավորվեին կամ կարող են ապագայում թիրախավորվել, այնպես ինչպես թիրախավորվեցին արաբական երկրների ոչ ռազմական ենթակառուցվածքները»։
| Հրանտ Միքայելյան․ «Հիմա օրինակ արաբական պետությունները համոզված էին, որ եթե օրինակ իրենք ունեն ամերիկյան տնտեսական ենթակառուցվածքներ, ապա դա արդեն ինքնին երաշխիք է, որ որևէ պատերազմ չի լինելու։․․․Այսինքն, մենք այստեղ տեսնում ենք, որ ոչ միայն դա երաշխիք չի, այլ նաև հակառակ, կարող է դառնալ թիրախ ու սա շատ կարևոր է, ինչո՞ւ, որովհետև, օրինակ՝ նույն խոսում է հիմա այստեղ կառուցվի դատակենտրոն որը տեսականորեն կարող է լավ բան լինել բայց գործնականում, իրականում՝ չէ»։ |
| Արման Աբովյան․ «Տեսաք ոչ նավթը երաշխիք եղավ ոչ էլ փողը: Ով կարող էր մտածեր մեկ ամիս առաջ որ Դուբայ կռմբակոծեն կամ Քաթարը…»։ |
Թեզ #4. TRIPP-ի արժեզրումը՝ «անկախ պատերազմի ելքից նախագիծն ակտուալ չէ»
Հանրային քննարկումներում ակտիվորեն տարածվում է (1, 2) նաև թեզը, թե «անկախ Իրանի դեմ պատերազմի ելքից TRIPP-ն այլևս արդիական չի լինելու ԱՄՆ-ի համար»։
| Սուրեն Սուրենյանց․ «Իրանի դեմ պատերազմն ինչպիսի վերջաբան էլ ունենա, TRIPP-ը կորցնելու է իր ակտուալությունը, եթե հաջողեն՝ ԱՄՆ-ն ՀՀ-ով անցնող ճանապարհի ահրաժեշտոււթյունը չի ունենալու, եթե ռազմավարական առումով ձախողեն՝ դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ն կարող է Իրանի քթի տակ նման նախագիծ իրականացրել։ Էնպես որ, Փաշինյանի բրենդը դարձած TRIPP-ը, մեղմ ասած, արդեն ակտուալ չի»։ |
Ինչու է համեմատությունը ոչ տեղին ու մանիպուլյատիվ
Թեզը շրջանառողները, կասկածի տակ դնելով տնտեսական փոխկապակցվածության դերը պատերազմի կանխման գործում, ոչ տեղին ու մանիպուլյատիվ համեմատության մեջ են դնում Պարսից ծոցի արաբական երկրներն ու Հայաստանը՝ չնշելով, որ բոլոր այդ երկրներում, ի տարբերություն Հայաստանի, առկա են ամերիկյան ռազմական բազաներ։
Փաստացի, Իրանը հայտարարել ու թիրախավորել է (1,2) բացառապես այն երկրների ռազմական ու քաղաքացիական ենթակառուցվածքները, որտեղ կա ամերիկյան, ՆԱՏՕ-ական ռազմական ներկայություն՝ բազաների տեսքով կամ այլ ձևաչափերով, և որոնք տրամադրել են իրենց տարածքները՝ Իրանի դեմ պատերազմական գործողությունների համար։
Ստորև բերված ինֆոգրաֆիկայում երևում է ամերիկյան ռազմական տեղակայումների և Իրանի հարվածների աշխարհագրությունը։
Փաստացի, Իրանը, ըստ պաշտոնապես հաստատված տեղեկությունների, թիրախավորել է բացառապես այն երկրները, որտեղից Իրանը ստացել է հարվածներ կամ առկա է ամերիկյան ռազմական ներկայություն։
Հետևաբար, Ծոցի երկրների համեմատությունը ՀՀ-ի հետ մանիպուլյատիվ է ու կիսատ։
Նանե Մանասյան
The post Իրանի պատերազմն ու TRIPP-ի շուրջ մանիպուլյացիաները․ փաստերն ընդդեմ քարոզչության appeared first on FIP.AM.