Քանի դեռ խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի և Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել. Արարատ Միրզոյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«2025-ին վարչապետն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպել է 4 անգամ, ես իմ ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպել եմ երկու անգամ, կարևոր են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումները և փոխայցերը, սահմանազատման հանձնաժողովների միջև շարունակական աշխատանքը»,- այս մասին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Շոշափելի վկայությունը նրա, որ խաղաղությունը, որի մասին խոսում ենք դա մի հեռու գաղափար չէ, կա, գոյություն ունի, կրակոցների և զոհերի բացակայությունն է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանին: Անմիջապես օգոստոսի 8-ից հետո Ադրբեջանը բացեց իր տարածքը դեպի Հայաստան բեռների համար: ՌԴ-ից և Ղազախստանից եղան ներմուծումներ և հիմա հակառակ ուղղությամբ էլ կինի: Հայաստանը հայտարարեց, որ իր տարածքով ևս տարանցումներ կարող են տեղի ունենալ և սկսվեց ուղղակի երկկողմ առևտուր՝ հայկական ընկերությունները ադրբեջանական ընկերություններից նավթամթերք են առնում, և այսօր երկու երկրները քննարկում են այն մնացած ապրանքների ցանկը, որոնք հավանական է, որ կարող են էլի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնել»,- ասաց նա:
«Մշտապես հարց կա՝ որոնք են խաղաղության երաշխիքները: Մենք տեսել ենք բազմաթիվ կնքված խաղաղություններ, որոնք ունեցել են այս կամ այն երաշխավորը կամ երաշխավորների խումբը, բայց դրանք չեն գործել և խախտողները եղել են երաշխավորները: Եկեք խոստովանենք, որ երաշխավորները երաշխավորելիս որոշակի շահեր են հետամուտ լինում և դրանք ինչ-որ պահի թելադրում են այլ գործողություններ, քան երաշխավորել խաղաղությունը: Քանի դեռ խաղաղությունը շահավետ կլինի Հայաստանի և Ադրբեջանի համար, այդ խաղաղությունը կշարունակի գործել»,- ընդգծեց ԱԳ նախարարը: