«Առաջնորդի ճգնաժամը պետության գոյութենական խնդիր է». Դավիթ Անանյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին օրերին մենք ականատես ենք լինում մի նողկալի օրինաչափության. պետության ղեկավարի կարգավիճակում գտնվող մարդը շրջում է երկրի ներսում՝ որպես վիճող, հակադարձող, երբեմն՝ վիրավորող անհատ։

Մետրոյի վագոնում, փողոցում, պատահական շփումների մեջ՝ պետության առաջին դեմքը մտնում է բանավեճերի մեջ, իջնում է անձնական մակարդակ, և ամենավտանգավորն ու անթույլատրելին՝ կորցնում է իր ինստիտուցիոնալ բարձրությունը։
     Սա այլևս մեկ միջադեպ չէ։ Սա վարքագծային մոդել է։

Երբ վարչապետը քաղաքացիների հետ խոսում է հուզական, երբեմն կոշտ բառապաշարով, երբ ազգային ողբերգության թեմաները վեր է ածում վիճաբանության նյութի, երբ պետության անունից խոսող մարդը չի տարբերակում պաշտոնը և անձնական էմոցիան, ապա ավելի է խորանում առկախված հիմնարար հարցը․ արդյո՞ք սա համատեղելի է պետական առաջնորդության հետ։
     Պետության ղեկավարի առաքելությունը մեկն է՝ լինել ոչ թե ամենաբարձր ձայն ունեցողը, այլ՝ ամենաբարձր պատասխանատվություն կրողը։
     Նա պետք է լարումը մեղմի, ոչ թե խորացնի, խոսքը կշռի, ոչ թե արձակի, ցավը հասկանա, ոչ թե վիճարկի, հասարակությանը միավորի, ոչ թե բաժանի։

Պետության կառավարումը երկրի ղեկավարից պահանջում է լռելու կարողություն, զսպվածություն և, ամենակարևորը՝ իր տեղը հասկանալու գիտակցություն։

Արտաքին անվտանգային հիմնախնդիրներին բախված պետության պարագայում առաջնորդի ճգնաժամը պարզապես անձի խնդիր չէ։
     Դա պետության գոյութենական խնդիր է»,- գրել է նա։

Leave a comment