Եթե ԵՄ-ն չընդունի քաղբանտարկյալների առկայությունը ՀՀ-ում, ուրեմն ինքնակամ պետք է հրաժարվի սեփական արժեհամակարգից

Երբ ես շատ երիտասարդ էի ու տարիքիս համապատասխան ունեի քաղաքական որոշակի ռոմանտիզմ, ինձ թվում էր՝ Արևմուտքի համար մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը բացարձակ արժեքներ են։ Կարծում էի՝ արևմտյան քաղաքական արժեհամակարգը հասել է զարգացման այն աստիճանին, որ չի հանդուրժի ոչ միայն իր ներսում, այլև իր գործընկեր երկրներում այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսին մարդուն ազատությունից զրկելն է՝ պայմանավորված իր քաղաքական գործունեության հետ։ Թերևս տարիքս հավանաբար թույլ չէր տալիս հասկանալու, որ այնուամենայնիվ որպես «բացարձակ արժեք» հռչակված դրույթներն ընդամենը երկստանդարտ գործիքակազմ են, որոնց նպատակը քաղաքական հարցեր լուծելն է։


Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող է պաշտոնական ԵՄ-ն բացատրել այն հանգամանքը, որ ինքը ողջունում է ՀՀ իշխանությունների ջանքերը «ժողովրդավարություն» հաստատելու ուղղությամբ, դրամաշնորհներ է տալիս այդ «ժողովրդավարությունն» ամրապնդելու համար, «պաշտպանում» է ՀՀ ժողովրդավարությունը «հիբրիդային հարձակումներից» այն դեպքում, երբ Հայաստանում այս պահին կան շուրջ 30 քաղբանտարկյալներ։ Ինչպե՞ս է պաշտոնական ԵՄ-ն աչք փակում այն հանգամանքի վրա, որ այդ նույն մարդկանց ձերբակալում են ինչպես ամենավտանգավոր հանցագործների՝ ստորացնելով նրանց արժանապատվությունը, իսկ դատարանը գրեթե բոլոր դեպքերում նրանց նկատմամբ կիրառում է կալանքի վճիռներ։ Նույնիսկ եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ Եվրոպան հավանական է համարում, որ ձերբակալվածների արարքներում հնարավոր է լինի հանցակազմ, ապա միայն իրավապահների կողմից ձերբակալման ընթացքում նրանց հանդեպ կիրառվող վայրենությունը բավական է, որպեսզի «մարդու իրավունքներն» ու «խոսքի ազատությունը» որպես բացարձակ արժեքներ դավանող ԵՄ-ն հանդես գա դատապարտող հայտարարություններով։


Ու մի՞թե Եվրոպային տարօրինակ չի թվում այն հանգամանքը, որ դատավարությունները կա՛մ ձգձվում են անորոշ ժամանակներով, կա՛մ դրանց ընթացքում չի հիմնավորվում որևէ փաստարկ, որը կապացուցեր այդ մարդկանց մեղավորությունը։ Կա՞ արդյոք ԵՄ երկրներում մի մարդ, որի կալանքը անմիջապես հաջորդել է իր կուսակցության ղեկավարի հարցազրույցին, ու այդ մարդը չի համարվում քաղբանտարկյալ, ինչպես, օրինակ, «Հայրենիք» կուսակցության գործադիր քարտուղար Խաչիկ Գալստյանն է, որը կալանավորվեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հարցազրույցի հենց հաջորդ օրը։


Կա՞ արդյոք ԵՄ երկրներում մի մարդ, որը կալանավորված է մոտ 8 տարի առաջ մի մարդու միջոցով, մի այլ մարդու պայուսակում թմրամիջոց գցելու մեղադրանքով, ինչպես օրինակ Արշակ Սրբազանը։ Կա՞ արդյոք ԵՄ երկրներում մի մարդ, որը կալանավորված է միայն մի ոչ սպառնալի արտահայտության համար, ինչպես օրինակ Սամվել Կարապետյանը։ Կա՞ արդյոք ԵՄ երկրներում մի մարդ, որը կալանավորվում է «հետույք» բառի համար, այնուհետև հացադուլ հայտարարում կալանավայրում ու այդ երկրի իշխանությունների կողմից մատնվում անուշադրության, ինչպես օրինակ Նարեկ Սամսոնյանն է։ Կա՞ արդյոք ԵՄ երկրներում մի մարդ, որը կալանավորվում է «ահաբեկչության» մեղադրանքով, սակայն ամիսներով չեն կարողանում ապացուցել, թե այդ մարդը հատկապես երբ, որտեղ, ում նկատմամբ ու ինչ բնույթի «ահաբեկչություն» էր պլանավորել, ինչպես օրինակ Բագրատ Սրբազանը։


Թող ինձ ներեն Միքայել ու Մկրտիչ Սրբազանները, «Հայրենիք» կուսակցության Էջմիածնի տարածքային կազմակերպության պատասխանատու Արամ Քոչարյանը, Վազգեն Սաղաթելյանը, «ահաբեկչության» գործով կալանավորված մեր մյուս հայրենակիցները, որոնց առանձին տողով չեմ մատնանշել, սակայն հասկանալի է, որ նրանցից յուրաքաչյուրի ազատությունը երբևէ չի կարող ստորադասվել մեկ այլ մարդու ազատությանը ու ոչ մի վայրկյան պայքարը չպետք է դադարեցվի, քանի դեռ կա գեթե մեկ քաղբանտարկյալ։


Կարեն Կարապետյան

Leave a comment