Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որը մեզ առաջնորդում է դեպի ներքին ազատություն. ԿԳՄՍ նախարար


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Պոեզիայի համաշխարհային օրվա կապակցությամբ:


 


Ուղերձում ասվում է.


 


«Պոեզիան փողոցը չէ,


այլ փողոցով անցնող


մարդը միայնակ՝


ձեռքերը գրպաններում…


 


Հենրիկ Էդոյան


 


Պոեզիայի համաշխարհային օրը առիթ է՝ վերարժևորելու խոսքի բացառիկ ուժը, որը դարեր շարունակ ուղեկցել է մարդկությանը՝ ձևավորելով մեր միտքը և ինքնագիտակցությունը։


 


Բանաստեղծությունն արվեստի բազմակողմ դրսևորում է, որը գերազանցում է լեզվի սահմանները՝ ստանալով նոր ձևեր, դառնալով ոչ միայն գրական տեքստ, այլև գոյության ձև, ներքին ճանապարհ, որի միջոցով մարդը փորձում է հասկանալ ինքն իրեն և շրջակա աշխարհը։


 


Ահա այս և այլ պատճառներով բանաստեղծության ընթերցումը բավական բարդ է և միաժամանակ հաճելի, որովհետև պահանջում է կենտրոնացում, ներհայեցում, մեզ կանգնեցնում է մեր մտքերի և զգացումների առջև՝ ստիպելով վերաիմաստավորել ամեն ինչ:


 


ԿԳՄՍ նախարարությունը շարունակաբար կարևորում է գրականության և հատկապես պոեզիայի զարգացումն ու տարածումը՝ իրականացնելով մի շարք նախագծեր, այդ թվում՝ Գրքի երևանյան միջազգային փառատոնը, «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագիրը, որոնց շրջանակում աջակցում է հայ ժամանակակից բանաստեղծներին՝ խթանելով ստեղծագործական գործունեությունը, հրատարակված ժողովածուների ներկայացումն ու հանրայնացումը։


 


Սիրելի՛ բանաստեղծներ և ընթերցողներ, շնորհավորում ենք բոլորիդ Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ։


 


Թող պոեզիան շարունակի լինել այն լուռ, բայց հզոր ուղեկիցը, որը մեզ առաջնորդում է դեպի ներքին ազատություն»:

Դիտումների քանակ2

Leave a comment