Գալոչկա դնելու համար չենք այցելում Եռաբլուր, տարին սկսվում է այնտեղից. Գեղամ Մանուկյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է․«Հատկապես դաշնակցական պատգամավորների համար իշխանության մեղադրանքը տմարդի է, որ հայրենիքի համար զոհվածների հիշատակի օր հռչակված հունվարի 27-ին ընդդիմադիր պատգամավորները չեն այցելելու Եռաբլուր։ Մեր շատերի համար տարին սկսվում է հունվարի 2-ին՝ Եռաբլուր այցելելով․ Շահեն Մեղրյանի ծննդյան օրն է։ Հունվարի 26-ին մերոնցից շատերը լինելու են Եռաբլուրում՝ այցելելու 1992 թվականի Քարին Տակի հերոսամարտում նահատակված Նորիկի, Կարոյի շիրիմներին, և այդպես շարունակ։ Այդպես չէ, որ մեկ օր է՝ «գալոչկա դնելու» համար այցելում ես Եռաբլուր»։

Պատգամավորը շեշտել է, որ, ի վերջո, սեպտեմբերի 19-ն «ՀՀ-ի, ՀՀ ԶՈւ-ի կողմից դավաճանված ՊԲ-ի նահատակների» օրն է։

«Ես Եռաբլուրում եղել եմ երիտասարդ տարիներից, առաջին հուղարկավորությունը 1990 թվականին է եղել։ Այսքան տարիների ընթացքում ավելի ահավոր զգացում չի եղել, ինչպիսին 2024 թվականի սեպտեմբերի 19-ն էր, երբ հարյուրավոր մարդիկ այցելել էին մեկ տարի առաջ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով և ՀՀ-ի և ՀՀ ԶՈւ-ի կողմից դավաճանված ՊԲ-ի նահատակների հիշատակին։ Դա ուղղակի ահավոր էր»,– ասել է Մանուկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment