Կապանի օդանավակայանը միջազգային կարգավիճակ կստանա

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա Ս. Ա.»-ի միջև ստորագրված կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններին»։ Նաև՝ լիազորություն է տրվում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ ստորագրելու այդ պայմանագիրը։

Կառավարության նիստում Գրիգորյանը նշեց. «Կապանի օդանավակայանը կարող է շահագործվել որպես միջազգային օդանավակայան։ Այսինքն՝ մենք ունենալու ենք երկրորդ միջազգային օդանավակայանը ՀՀ-ում»։

Ի պատասխան փոխվարչապետի հարցի՝ ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը դրական պատասխան տվեց. «Նման իրավական հիմք է ստեղծվում, որովհետև գործող կոնցեսիոն կա որոշակի սահմանափակում, որ «Զվարթնոց» օդանավակայանից 250 կմ շառավղով հեռավորության վրա, եթե կառավարությունը որոշում է որևէ օդանավակայան փոխակերպել քաղաքացիական, տեղական կամ միջազգային օդանավակայանի, գործող կոնցեսիոնն ունի առավելություն՝ կառավարումը ստանձնելու։ Սակայն այս պարագայում Կապանի «Սյունիք» օդանավակայանը դուրս է գալիս այդ կարգավորումից»։

Ըստ նրա՝ իրավական առումով կդառնա միջազգային օդանավակայան, սակայն, բացի այդ, պետք է համապատասխան սարքավորումներ ու ներդրումներ իրականացվեն։

Որոշմամբ նախատեսվում է ընդլայնել Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների թողունակությունը՝ իրականացնելով շուրջ 425 մլն դոլարի կապիտալ ներդրում։

Բացի այդ, հինգերորդ լրացմամբ կոնցեսիոն պայմանագրի ժամկետը, որը պետք է ավարտվեր 2031-ին, երկարաձգվում է մինչև 2067-ի դեկտեմբերի 31-ը։ Փոխարենը՝ պայմանագրից հանվում են մի շարք արտոնություններ և անորոշ դրույթներ։

Leave a comment