Զելենսկին հայտնել է, որ խաղաղության բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մարտի 21-ին

Քաղաքականություն

20.03.2026 | 10:10

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սանձազերծված պատերազմի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մարտի 21-ին, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ ուկրաինական բանակցային պատվիրակության քաղաքական թիմն արդեն ճանապարհին է։

«Այս շաբաթ օրը մենք հանդիպումներ ենք ակնկալում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսօր մենք մանրամասն քննարկել ենք բանակցությունները Ռուստեմ Ումերովի, Կիրիլ Բուդանովի և Դավիթ Արախամիայի հետ։ Սերգեյ Կիսլիցան նույնպես կմասնակցի հանդիպումներին»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը չի նշել հանդիպման ձևաչափը կամ թե ովքեր են մասնակցելու։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Մոսկվայի, Կիևի և Վաշինգտոնի միջև Ուկրաինայում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները «դադարի մեջ են»։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև եռակողմ բանակցությունների վերջին փուլը տեղի է ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Կողմերը պետք է կրկին հանդիպեին մարտի սկզբին Աբու Դաբիում, սակայն խորհրդակցությունները, ի վերջո, հետաձգվեցին:

Զելենսկին ավելի ուշ նշել էր, որ հետաձգման որոշումը կայացվել է Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ՝ Իրանի դեմ փետրվարի 28-ին սկսված ԱՄՆ-Իսրայել ռազմական գործողության պատճառով:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment