ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News
Տեսանյութը նկարահանած կինը Աիդա Մխիթարյանն է, ով Երևանի Շենգավիթ վարչական շրջանի արդեն նախկին աշխատակից է։ Այսօր կառավարության շենքի առջև նա իր բողոքի ձայնն էր բարձրացրել և պնդում էր, որ Շենգավիթի թաղապետարանի կոմունալ բաժնի պետն ու այլ աշխատակիցներ փետրվարի 23-ին իրեն ծեծել են, հայհոյել և անպատիվ խոսքեր ասել։
Տիկնոջ պնդմամբ, կոմունալ բաժնի պետ Սարգիս Սարգսյանն անհիմն բացականեր է նշանակել իրեն, ինչպես նաև քիչ է վարձատրել կատարած աշխատանքի դիմաց։
Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Սարգիս Սարգսյանը և նույն բաժնի մյուս աշխատակիցը, ով տեսանյութում երևացող մյուս անձն է, որ, ենթադրաբար, խլում է տիկնոջ ձեռքից հեռախոսը, աշխատանքից չեն ազատվել, այլ ստացել են բանավոր նկատողություն։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանը։
Ինչ վերաբերում է պակաս աշխատավարձ ստանալուն, ինչպես պնդում էր Աիդա Մխիթարյանը, Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Տիգրան Գաբրիելյանի խոսքով, խնդիրը վերջնահաշվարկ դեռևս չստանալու մեջ է։
Մանրամասները՝ 24News-ի ռեպորտաժում։