ՔՊ–ականները հրաժարվեցին կոչ անել Բաքվին զերծ մնալ ՀՀ գործերին միջամտելուց. պատգամավոր

Բաժանորդագրվել

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով` իշխանամետ պատգամավորները նաև դեմ են քվեարկել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության մասին դրույթի պահպանմանը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները հրաժարվել են կոչ անել Ադրբեջանին ձեռնպահ մնալ Հայաստանի ներքին գործերի վերաբերյալ հայտարարություններ անելուց։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Բրյուսելում կայացած Հայաստանի խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստից հետո։

Նրա խոսքով՝ իշխանական պատգամավորները ձեռնպահ են մնացել Բաքվին ուղղված համապատասխան հայտարարության նախագծի քվեարկությունից։

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ձեռնպահ են քվեարկել, այսինքն` իրենց համար մեկ է՝ Ադրբեջանը կարծիք կհայտնի՞ Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, թե՞ չէ, ագրեսիվ հռետորիկա կունենա՞ Հայաստանի մասին, թե՞ չէ»,–ասել է Մամիջանյանը։

Նա ընդգծել է, որ իշխանամետ պատգամավորները նաև դեմ են քվեարկել հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարարության մեջ Հայոց ցեղասպանության մասին դրույթի պահպանմանը։

«Առհասարակ խայտառակություն է, 2-րդ կամ 3-րդ անգամ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները դեմ են քվեարկում Հայոց ցեղասպանության վերաբերյալ առաջարկին՝ հայ –թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում Հայոց ցեղասպանության հարցի պահպանմանը»,–ասել է նա։

Leave a comment