Քաղաքականություն
19.03.2026 | 18:37
Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով մարտի 18-ին ստացվել է մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալու վերաբերյալ: Այս մասին Factor TV-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
«Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով նախընտրական քարոզչության շրջանակներում ՀՀ քաղաքացիներին դիմելու թույլտվության և դրա ձևաչափի հարցի լուծումը գտնվում է վարույթի հանրային մասնակցի՝ տվյալ դեպքում նախաքննական մարմնի տիրույթում, վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել ներկայացված միջնորդությունը բավարարելու մասին՝ թույլատրելով մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Facebook սոցիալական ցանցում հրապարակել տեսաուղերձ»,-նշում են ՔԿ-ից:
Հիշեցնենք՝ այսօր՝ մարտի 19-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե՛ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, թե՛ դրանից հետո, իր ֆեյսբուքյան էջով դիմել էր «Ուժեղ Հայաստանի» առաջնորդին և հեգնանքով ասել․
«Էդ որ ասում եք ուժեղ եք, ուժեղ եք, ինչո՞վ եք ուժեղ, արա։ Մտեք ուղիղ եթեր, 30 անգամ ձգվեք և ես կընդունեմ, որ ուժեղ եք, կամ ուրիշ տարբերակ։ Ուղիղ եթերում առանց կողմնակի օգնության ասեք՝ որն է Իսպանիայի մայրաքաղաքը և ես կընդունեմ, որ սուպեր ինտելեկտուալ եք, ուժեղ ինտելեկտուալ»։
Եվգենյա Համբարձումյան