Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին


ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 19-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենսդրական նախաձեռնություններ:


ՀՀ ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթը քննարկման է ներկայացրել Մերի Գալստյանը:


Օրենքի նախագծով սահմանվում են Հայաստանի տարածքում տնային և թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:


Նախքան օրենքի նախագծի քննարկումը՝ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը տեղեկացրել է, որ մի խումբ հասարակական կազմակերպություններ մայր օրենքի վերաբերյալ հանրագիր և փոփոխությունների փաթեթ են ներկայացրել: Այն քննարկվել է նախագծի հեղինակների և Կառավարության գործընկերների հետ, եղել են առաջարկներ, որոնք ընդունվել են:


Մերի Գալստյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ գործադիրը սահմանափակումներ է առաջարկել տեսալուսանկարահանման հետ կապված մի շարք պահանջների և տեխնիկական ստանդարտների վերաբերյալ, որոնք չեն ընդունվել:


Զեկուցողի խոսքով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքում ամրագրված են կենդանիների քնեցման թույլատրելի հիմքերը, որոնցից է նաև վարակիչ հիվանդություն ունեցող կենդանիների քնեցումը: Նա նշել է, որ ընդունվել է անբուժելի վարակիչ հիվանդություններով կենդանիների քնեցմանը վերաբերող առաջարկը:


Մերի Գալստյանը նշել է, որ առաջիկայում առկախվում է հասարարակական կազմակերպությունների ներկայացրած՝ ապագայում կենդանիների համար կառուցվելիք կացարաններում անխոչընդոտ մշտադիտարկում և այցելություններ իրականացնելու վերաբերյալ առաջարկը: Այն կքննարկվի՝ հետագայում օրենքում ներառելու նպատակով:


Օրենսդրական նախաձեռնության համահեղինակը տեղեկացրել է նաև, որ օրենքի դրույթների ծավալուն մի մասն ուժի մեջ է մտնելու օրենքի ընդունումից մեկ տարի հետո: Այդ ընթացքում Կառավարությունը կմշակի համապատասխան կարգերն ու չափանիշները:


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացված առաջարկները Կառավարության համար, ընդհանուր առմամբ, ընդունելի են:


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը քննարկման է ներկայացրել Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում առաջարկվող լրացումը, որով ամրագրվում է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը, որոնք նպատակային և գործառնական նշանակության փոփոխմամբ պայմանավորված այլևս չեն հանդիսանա օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասեր, կարող են օտարվել համայնքի ղեկավարի կողմից տրված՝ տվյալ հողամասն այդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլևս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա:


Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:


«Առևտրի և ծառայությունների մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները միտված են շրջակա միջավայրի պահպանմանը, մեկանգամյա պոլիէթիլենային արտադրանքի գործածության աստիճանական կրճատմանն ու արգելմանը: Օրենսդրական փաթեթը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը:


Զեկուցողի տեղեկացմամբ օրենսդրական փաթեթը լրամշակվել է, կատարվել են տեխնիկական բնույթի շտկումներ:


Հանձնաժողովը քննարկել է նաև պատգամավոր Վահե Ղալումյանի հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Օրենսդրական նախաձեռնության հեղինակն առաջարկում է հնարավորություն տալ ավագանու անդամին հրաժարականի մասին իր դիմումը հետ վերցնել այն ներկայացնելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում` ներկայացնելով գրավոր դիմում: Այդ դեպքում չեղարկվում է նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու գործընթացը:


Նախագծերի օրենքների փաթեթի վերաբերյալ եղել են տեխնիկական բնույթի առաջարկներ:


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանի ներկայացմամբ քննարկվել է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը:


Օրինագծի վերաբերյալ առաջարկներ չեն եղել:

Դիտումների քանակ2

Leave a comment