Բաքուն ակնկալում է, որ Իրանը համապարփակ հետաքննություն կանցկացնի Նախիջևանին ԱԹՍ-ների հարվածի վերաբերյալ. Բայրամով

Քաղաքականություն

19.03.2026 | 13:39

Ադրբեջանը հույս ունի, որ Իրանը կկատարի Նախիջևանին անօդաչու թռչող սարքի հարվածի համապարփակ հետաքննության վերաբերյալ իր խոստումը և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում արաբական և իսլամական երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդակցական հանդիպման ժամանակ։

Բայրամովը հանդիպման մասնակիցներին հիշեցրել է, որ մարտի 5-ին Իրանից թռչող անօդաչուները հարվածել են Նախիջևանի Ինքնավար Հանրապետության ենթակառուցվածքներին։ Հարձակման հետևանքով զոհվել է 4 խաղաղ բնակիչ, իսկ կարևորագույն ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Նախիջևանի միջազգային օդանավակայանին զգալի վնաս է հասցվել։ Նա նշել է, որ Ադրբեջանն արագ և վճռականորեն արձագանքել է միջադեպին՝ վերահաստատելով իր հանձնառությունը բոլոր օրինական միջոցներով պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և  քաղաքացիների անվտանգությունը բոլոր օրինական միջոցներով։

«Ադրբեջանն ակնկալում է, որ իրանական կողմի երաշխիքները միջադեպի համապարփակ հետաքննության վերաբերյալ կկատարվեն և անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար»,- Բայրամովի խոսքերն է մեջբերել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բայրամովը նաև ընդգծել է Մերձավոր Արևելքում «լուրջ ճգնաժամին անհապաղ արձագանքի» անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ սրացման հետևանքները տարածվում են առանձին երկրների սահմաններից դուրս՝ ստեղծելով ավելի լայն տարածաշրջանային և գլոբալ ռիսկեր, սպառնալով քաղաքացիական անձանց կյանքին և ենթակառուցվածքներին։

«Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումը վտանգավոր է և պետք է անհապաղ դադարեցվի։ Տարածաշրջանի պետությունների վրա շարունակական հարձակումները սպառնում են խորացնել բաժանումները և խաթարել երկարաժամկետ կայունությունը»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment