ԱՄՆ դատարանը պարտավորեցրել է Թրամփի վարչակազմին՝ վերսկսել «Ամերիկայի ձայնի» հեռարձակումները

Քաղաքականություն

18.03.2026 | 18:04

ԱՄՆ դաշնային դատավոր Ռոյս Լամբերթը մարտի 17-ին  որոշում է կայացրել, որ ԱՄՆ վարչակազմը պետք է վերսկսի «Ամերիկայի ձայնի» (VOA) աշխատանքը: Նա ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությանը (USAGM) պարտավորեցրել է մինչև հաջորդ շաբաթվա վերջ ներկայացնել VOA-ի հեռարձակումների վերսկսման ծրագիր:

USAGM-ը կառավարում է հեռարձակվող լրատվամիջոցների դաշնային ֆինանսավորումը, որոնք տեղեկատվություն են տրամադրում այն ​​երկրների բնակիչներին, որտեղ մամուլի ազատությունը բացակայում է կամ սահմանափակ է, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Իր որոշման մեջ Լամբերթը շեշտել է, որ ԱՄՆ Կոնգրեսը սահմանել է USAGM-ի առաքելության և ֆինանսավորման հստակ պահանջներ: Դրանց համաձայն՝ գործակալության հեռարձակման ծառայությունները  պետք է ապահովեն օբյեկտիվ և հուսալի լուսաբանում՝ ընդգրկելով «աշխարհի յուրաքանչյուր նշանակալի տարածաշրջան»:

Լամբերթը նախկինում որոշել էր, որ նախկին հեռուստահաղորդավարուհի Քարի Լեյքի նշանակումը USAGM-ի ղեկավարի պաշտոնում անօրինական է։ Այս որոշումն անվավեր է դարձնում Լեյքի ղեկավարությամբ «Ամերիկայի ձայն»-ում (VOA) իրականացված զանգվածային կրճատումները։ Գործակալությունը մինչև մարտի 23-ը ժամանակ ունի՝ վերականգնելու «Ամերիկայի ձայն»-ի 1042 աշխատակիցներին, որոնք 2025 թվականի վերջից վճարովի վարչական արձակուրդում էին։

2025 թվականի մարտին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր կտրուկ կրճատումներ կատարել USAGM-ում: Սպիտակ տունը մեղադրել է «Ամերիկայի ձայն»-ին «արմատական ​​քարոզչություն» տարածելու մեջ և հայտարարել, որ հարկատուներն «այլևս չեն վճարի դրա համար»:

Ընդամենը մեկ ամիս անց դաշնային դատավոր Ռոյս Լամբերթը հրամայել էր Թրամփի վարչակազմին վերագործարկել «Ամերիկայի ձայնը» և վերականգնել դրա ֆինանսավորումը՝ նախագահի կողմից ռադիոկայանի փակումը համարելով անօրինական և հակասահմանադրական:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment