Կրեմլը «խստորեն դատապարտել է» Իրանի Անվտանգության խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիի սպանությունը

Քաղաքականություն

18.03.2026 | 16:19

Կրեմլը «խստորեն դատապարտում է» Իրանի փաստացի առաջնորդ Ալի Լարիջանիի սպանությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է The Insider-ը։

«Մենք, անշուշտ, խստորեն դատապարտում ենք ինքնիշխան և անկախ Իրանի, ինչպես նաև այլ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների առողջությանը վնաս հասցնելուն, առավել ևս՝ սպանությանն ու ոչնչացմանն ուղղված գործողությունները»,-ասել է նա։

Երեկ ուշ երեկոյան Իրանը հաստատեց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի մահը։ Սպանվել են նրա որդին և թիկնապահները։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր նրա սպանության մասին՝ նշելով, որ պաշտոնյան սպանվել է ավիահարվածի ժամանակ։

Ալի Լարիջանին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն էր: Նախկինում նա եղել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Խամենեիի ներկայացուցիչը Խորհրդում: Լարիջանին պատասխանատու էր ազգային անվտանգության հիմնական հարցերի, այդ թվում՝ երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար: Լրատվամիջոցները նրան անվանում են իրանական քաղաքականության ամենաազդեցիկ դեմքերից մեկը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment