Որոշումը նաև հետադարձ ուժ է ունենալու, և նրանք, ովքեր արդեն 3 մլն դրամի շահառու են, կստանան նաև ավելացված գումարը։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում երևանամերձ համայնքներում 1 անձի հաշվարկով տրամադրվող գումարը 3 միլիոնից կդառնա 4 միլիոն դրամ։ Այս մասին «Ներառական զարգացում. ձեռքբերումներ և անելիքներ» խորագրով համաժողովի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 3 միլիոն դրամ աջակցությունը կպահպանվի միայն Երևանի համար։
«Ովքեր 3 միլիոնի շահառու են, այս որոշման ընդունումից հետո հետադարձով իրենցը կավելացնենք, այսինքն՝ բոլոր դեպքերում հավասարությունը կլինի»,– ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ որոշումն ընդունված կլինի 1-2 ամսվա ընթացքում։
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է 2024թ․ հունիսին։ 242 բնակավայրերում տուն ձեռք բերելու դեպքում 1 անձի հաշվով տրվում է 5 մլն դրամ աջակցություն, 142 բնակավայրում՝ 4 մլն դրամ։ Մնացած բնակավայրերում, այդ թվում՝ Երևանում (բացառությամբ՝ 1-ին և 2-րդ գոտու), մինչ այս տրվում էր 3 միլիոն դրամի չափով աջակցություն։ Աջակցության գումարի չափը որոշվել է՝ վերլուծելով 2023թ․ անշարժ գույքի շուկայում արված առուվաճառքի գործարքների վիճակագրությունը։