ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է դրսեկության ձևով փոխադրման քննությունների ընթացքին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Անդրանիկ Մարգարյանի անվանթիվ 29 ավագ դպրոցում հունվարի 21-ին ընթացել են դրսեկության ձևով (էքստեռն) փոխադրման քննությունները: Դրանց հետևել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը, ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության ներկայացուցիչներ:
Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ այս տարի դպրոցների մանկավարժական խորհուրդների կողմից դասարանից դասարան վաղաժամկետ փոխադրման երաշխավորված սովորողները 12-ն են:
Մինչ քննության մեկնարկը Արաքսիա Սվաջյանը զրուցել է աշակերտների հետ ու հաջողություն մաղթել նրանց: Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ ինչպես են աշակերտները նախապատրաստվել քննությանը, ինչ ակնկալիքներ ունեն, արտադպրոցական ինչպիսի նախասիրություններ ունեն և այլն:
Դպրոցի սովորողների համար էքստեռն փոխադրական քննությունների գործընթացն իրականացվում է ԿԳ նախարարի 2010 թ. հոկտեմբերի 14-ի 1507-Նհրամանով:
Ըստ այդմ՝ հիմք է ընդունվում սովորողի՝ հանրակրթական ծրագրերի յուրացման մակարդակը: Էքստեռն փոխադրական քննություններ կազմակերպվում են 1-ից 8-րդ դասարանների բացառապես այն սովորողների համար, որոնք նախորդ դասարանի տարեկան, տվյալ դասարանի ընթացիկ և առաջին կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից ունեցել են գերազանց առաջադիմություն: