Ներկայացնում ենք շվեդ գործարար առաջնորդ, ներդրող եւ բարերար, P Capital Partners ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Դենիել Սաքսի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար:
Դենիել Սաքս
Շատացող պատերազմներն ու անկայուն դաշինքները այսօրվա դաժան նոր քաղաքական իրականության առանձնահատկություններն են, որոնք անհնար էր պատկերացնել տաս տարի առաջ։ Սակայն տեղի ունեցող աշխարհաքաղաքական խզումը պատահականություն չէ, ոչ էլ պարզապես ավտորիտար առաջնորդների գործողությունների, թույլ ինստիտուտների կամ զսպող գործոնների հանկարծակի անհետացման արդյունք։ Այն արտացոլում է ավելի հիմնարար մի բան՝ մեր հասարակությունների սոցիալական հիմքը։ Քաղաքականությունը չի առաջանում վակուումում։ Այն ձեւավորվում է կյանքի փորձից՝ արտացոլելով, թե արդյոք մարդիկ իրենց անվտանգ, հարգված եւ լավատես են զգում համատեղ ապագայի նկատմամբ։
Տարիներ շարունակ քաղաքական անկայունությունը դիտվել է որպես արտաքին ցնցումների շարք։ Սակայն այսօրվա իրականությունը տասնամյակների ընթացքում կատարված որոշումների գագաթնակետն է։
Ինչպես բոլոր քաղաքական տեղաշարժերը, սա էլ ունի առաջարկ եւ պահանջարկ։ Սակայն նոր համաշխարհային «ան-կարգության» վերաբերյալ մեկնաբանությունների մեծ մասը անհամաչափորեն կենտրոնանում է առաջարկի վրա. ավտորիտար առաջնորդներ եւ նոր դոկտրիններ, դաշինքներ կամ աշխարհաքաղաքական պայմանավորվածություններ, որոնք կարող են փոխարինել լիբերալ ժողովրդավարությանը եւ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը։ Այս կարեւոր հեռանկարը, սակայն, անտեսում է պահանջարկը, որը ներկայիս քաղաքական միտումների շարժիչ ուժն է։
Ինչո՞ւ են այդքան շատ մարդիկ աջակցում ավտորիտար գաղափարներին եւ առաջնորդներին։ Հարցումները ցույց են տալիս, որ հիմնական խնդիրը գաղափարախոսական փոփոխությունը չէ։ Datapraxis-ի կողմից Եվրամիության ութ երկրներում անցկացված հետազոտությունը ցույց է տալիս, որ ամբոխավարական կուսակցություններին ձայն տված ընտրողների միայն 23%-ն է հավատացել, որ այդ կուսակցությունների քաղաքականությունը լավագույնն է. գերիշխող դրդապատճառը փոփոխության տարրական ցանկությունն էր։
Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության վերջին հարցումը ցույց է տալիս, որ 30 անդամ պետությունների քաղաքացիների միայն 39%-ն է վստահում իրենց կառավարությանը, իսկ Pew Research Center-ի կողմից 24 երկրներում անցկացված հարցումը վկայում է, որ հարցվածների 59%-ը դժգոհ է ժողովրդավարության իրականացման ձեւից։
Տվյալները չեն վկայում ժողովրդավարական արժեքների անկման կամ ծայրահեղ գաղափարներին հանկարծակի սատարման մասին, այլ որ մարդիկ դանդաղորեն կորցնում են վստահությունը, որ ժողովրդավարական ինստիտուտները լավ կյանքի հուսալի ուղի են առաջարկում։ Մենք թույլ ենք տվել, որ անհավասարությունը խորանա, սոցիալական շարժունությունը կանգ առնի, իսկ վստահությունը քայքայվի՝ խաթարելով սոցիալական համախմբվածությունը։
Սա է պահանջարկը՝ փոփոխության հուսահատ ցանկությունը, որը շահագործվում է ավտորիտարիզմի կողմից։ Երբ մարդիկ կորցնում են վստահությունն առ այն, որ ժողովրդավարական ինստիտուտները կբարելավեն իրենց կյանքը, նրանք հարցնում են ոչ գաղափարների լավ կամ վատ լինելու, այլ այն մասին, թե արդյոք որեւէ մեկն իրենց լսում է։
Այստեղ է ամենամեծ վտանգը։ Երբ խորքային պատճառները թաքնված են բարդ ախտանիշների ներքո, բեւեռացումը, ժողովրդավարական հետընթացը եւ աջակցությունը ավտորիտարիզմին դիտարկվում են որպես մեկուսացված պաթոլոգիա, ոչ թե չբավարարված սոցիալական կարիքների դրսեւորում։
Մեր ժամանակների հիմնական մարտահրավերն է նորացնել մեր ինստիտուտները, որպեսզի բավարարվեն քաղաքացիների օրինական պահանջները։ Ժողովրդավարական նորացումը սկսվում է ոչ թե սահմանադրություններից կամ համաժողովներից, այլ տարրական հարցից. արդյո՞ք մեր ժողովրդավարությունը ընդհանուր բարգավաճում է ապահովում, խթանում է սոցիալական շարժունությունը եւ բոլորին թույլ տալիս մասնակցել հասարակական կյանքին։ Եթե պատասխանը «ոչ» է, ժողովրդավարությունը կարող է դատարկ ծես դառնալ։
Ժողովրդավարության վերածնունդը վերացական չէ։ Այն վերաբերում է արդյունավետ ինստիտուտներին, որոնք հրավիրում են մասնակցել, ոչ թե հեռավորություն ստեղծում, եւ հնարավորություններ ընձեռում, որ ձայնը դառնա ազդեցություն, ներգրավվածությունը՝ առաջնորդություն, ջանքերը՝ կյանքի որակի բարելավում։ Մեզ անհրաժեշտ են լուրջ պարտավորություններ՝ կառուցվածքային խնդիրներին դիմակայելու համար՝ առանց գաղափարախոսական կարճուղիների։ Բաց հասարակությունները պետք է լինեն եւ՛ տնտեսապես դինամիկ, եւ՛ սոցիալապես համախմբված. եւ՛ գլոբալ առումով ներգրավված, եւ՛ արմատներ ունեցող. եւ՛ սկզբունքային, եւ՛ պրագմատիկ։
Բարեփոխումները չպետք է թողնել միայն քաղաքականությանը։ Բիզնեսները առաջատար դեր են խաղում հնարավորություն ձեւավորելու գործում, ուստի դրանք պետք է ծառայեն որպես բաց, ժողովրդավարական, ինստիտուցիոնալ առումով կայուն հասարակության խնամակալներ։ Իսկ բարեգործական կազմակերպությունները պետք է փորձարկեն եւ ավելի շատ ներդրումներ կատարեն բավարարելու այն կարիքները, որոնք անկարող են սպասարկել շուկաներն ու կառավարությունները։ Քաղաքացիական հասարակությունը կարող է մարդկանց ձայն տալ եւ վստահություն ստեղծել։
Այս բոլոր ուժերը պետք է ինտեգրվեն վստահելի սոցիալական պայմանագրում։ Պատշաճ, ներկայացուցչական եւ մարդկանց կարիքներին ծառայող ինստիտուտները պետք է կառուցվեն ավելի լայն քաղաքացիական մասնակցության եւ խորհրդակցության նոր մեթոդների հիման վրա, որոնք կվերացնեն ժողովրդի եւ քաղաքական գործիչների միջեւ եղած անջրպետը։
Մարտահրավերն ունի սերնդային բնույթ։ Ժողովրդավարությունը դառնում է փխրուն, երբ մարդիկ զգում են, որ այն այլեւս իրենց չի պատկանում։ Այնուամենայնիվ, ըստ TUI Stiftung-ի, 16-26 տարեկան եվրոպացիների միայն 57%-ն է անվերապահորեն նախընտրում ժողովրդավարությունը, իսկ յուրաքանչյուր հինգերորդը որոշակի հանգամանքներում կհանդուրժեր ավտորիտար կառավարում։
Զգույշ լավատեսության է ներշնչում ազնվության եւ իրատեսության աճը։ Ինչպես վերջերս ասաց Կանադայի վարչապետ Մարկ Քարնին՝ «Կարոտախտը ռազմավարություն չէ»։ Ռազմական սրացումների, վաղեմի դաշնակիցների միջեւ լարվածության եւ ամերիկյան քաղաքներում պետական բռնության պայմաններում մենք այլեւս չենք կարող ձեւացնել, թե հին կարգը կվերադառնա։ Երբ լեգիտիմությունը վերանում է, այն սոսկ հռետորաբանությամբ չես վերականգնի։
Այս աշխատանքը բարդ ու երկար է լինելու։ Բաց հասարակության հիմնասյուները պետք է վերակառուցվեն։ Մեզ անհրաժեշտ են կրթական համակարգեր, որոնք կբացեն շարժունության իրական ուղիներ, տնտեսական մոդելներ, որոնք կխթանեն դինամիզմը՝ ապահովելով համընդհանուր բարգավաճում, հաստատություններ, որոնք քաղաքացիներին կվերաբերվեն որպես մասնակիցների, ոչ թե խնդիրների, եւ առաջնորդներ, որոնք կասեն ճշմարտությունը, նույնիսկ երբ այն անհարմար է։
Խոսքը ժողովրդավարական կյանքի հիմնական պայմանները վերականգնելու, ցինիզմը՝ գործունեությամբ, բողոքը՝ հնարավորությամբ փոխարինելու մասին է։ Խոսքը քաղաքացիական էներգիայի եւ հանրային իշխանության, շարժումների եւ մանդատների միջեւ խզված խողովակաշարի վերանորոգման մասին է:
Ներկա պահը մեզ սովորեցնում է, որ բաց հասարակությունները ինքնաբավ չեն: Դրանք պետք է ստեղծել՝ համբերատար, համատեղ եւ խոնարհությամբ: Բոլորիս՝ ոչ միայն քաղաքական գործիչների, պարտականությունն է փոխարինել ինքնագոհությունը համառ, համբերատար աշխատանքով՝ այլ իրականության նկատմամբ պահանջարկ ձեւավորելու համար: Ապագան կախված կլինի նրանից, թե մեզանից քանիսը կդադարի անհանգստանալ ապագայի մասին եւ կսկսի այն կառուցել:
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org