18-ամյա Էրիկ Տիգրանյան. Մտահոգվելը բավարար չէ, պետք է գործել

Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում՝ ինչ հագնել, ուտել, ինչպես անցկացնել օրը։ Շատ դեպքերում այդ որոշումները կայացնում ենք առանց դրանց նշանակության մասին երկար մտածելու։ Բայց կան ընտրություններ, որոնք մեր առօրյա կյանքից բացի, ազդեցություն ունենում են բոլորիս կյանքի վրա:
2026 թվականին Հայաստանում շատ երիտասարդներ առաջին անգամ կմասնակցեն համապետական ընտրություններին։ Սա կլինի նրանց առաջին փորձը՝ կարծիք եւ  դիրքորոշում արտահայտելու ու գիտակցելու՝ ինչ դեր կարող է ունենալ անգամ մեկ ձայնը երկրի կյանքում։
«Ընտրելու եմ առաջին անգամ» շարքում Մեդիամաքսը ներկայացնում է Երեւանում եւ Հայաստանի մարզերում բնակվող այն երիտասարդներին, որոնք առաջին անգամ են քվեարկելու:
Այս անգամ զրուցել ենք 18-ամյա Էրիկ Տիգրանյանի հետ՝ Արմավիրի մարզի Դալարիկ համայնքից։ 
«Սիրում եմ հավաքածուներ, զբաղվում եմ գծանկարով» 
Էրիկ Տիգրանյանը 18 տարեկան է, սովորում է Արմավիրի մարզի Դալարիկ համայնքի դպրոցի ավարտական դասարանում, զբաղվում է գծանկարով եւ պատրաստվում ընդունվել Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան։ 
«Ուզում եմ ճարտարապետ դառնալ։ Այս ոլորտն ինձ շատ է հետաքրքրում։ Նաեւ  ակտիվ զբաղվում եմ ինքնակրթությամբ, քանի որ կարծում եմ՝ սա ավելի կարեւոր է, քան պարզապես պարապմունքների հաճախելը։ Ինքնուրույն անում եմ գծանկարներ, զբաղվում գծագրությամբ», – պատմում է Էրիկը։ 
Մասնագիտական հստակ ընտրությունից բացի, Էրիկն այլ հետաքրքրություններ եւս ունի.
«Շատ եմ սիրում հավաքածուներ։ Արդեն ունեմ միջատների եւ Հայաստանի տարբեր անկյունների քարերի նմուշներ։ Եղել եմ բոլոր մարզերում եւ քանի որ եկեղեցիներն ինձ հետաքրքրում են, հիմնականում դրանց մերձակայքից հավաքածուիս համար միշտ քարեր եմ բերում»։ 
Էրիկը նաեւ կամավորությամբ է ակտիվ զբաղվում։ Ասում է՝ այս մշակույթն այնքան էլ տարածված չէր իր մարզում եւ համայնքում, հաճախ՝ երիտասարդները թերահավատորեն էին մոտենում կամավոր լինելու առավելություններին, բայց իր օրինակը փոխում է նաեւ մտածողությունը.
«Ամեն ինչ սկսվեց տելեգրամյան ալիքներից մեկում կամավորության մասին հայտարարությունից, հետո սկսեցի համագործակցել հայտնի կազմակերպությունների հետ, որպես կամավոր՝ մեկնել ճամբարներ։ Երեք օր առաջ եմ վերադարձել ճամբարից, որտեղ ձեռք եմ բերել շատ օգտակար բիզնես հմտություններ։ Քանի որ կամավոր էի, դասընթացն ինձ համար անվճար էր, եւ սա իսկապես շատ օգտակար հնարավորություն է»։ 
Էրիկը շեշտում է՝ կամավորությունը բարձրացնում է երիտասարդների ներգրավվածությունը հանրային նշանակության հարցերում, ձեւավորում լավ քաղաքացի լինելու գիտակցություն, տալիս գիտելիք, կապեր ու ընկերներ՝ երկրի բոլոր մարզերից։ 
«Ընտրություններին չմասնակցելը եւս ընտրություն է, բայց՝ վատագույնը»
18-ամյա երիտասարդը նշում է՝ կյանքում ընտրության հնարավորություն ունենալն արժեք է, որը բոլորս պետք է գնահատենք եւ կարեւորենք.
«Ինձ համար սա ազատության դրսեւորումներից մեկն է, որից յուրաքանչյուրս պետք է օգտվենք։ Այս տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին քվեարկելու եմ առաջին անգամ եւ անպայման մասնակցելու եմ։ Կարծում եմ՝ ընտրություններին չմասնակցելը եւս ընտրություն է, բայց՝ հնարավոր վատագույնը։ 
Հույս ունեմ՝ մեր սերունդն այնքան հասուն կլինի, որ կգիտակցի յուրաքանչյուր քվեի կարեւորությունը, կկարողանա վերլուծել եղած իրավիճակը, քաղաքական գործիչների խոսքերն ու կկատարի կշռադատված, ճիշտ որոշում։ Մեր պարտականությունն է անել սա բոլորիս ապագայի համար»։ 
«Ուզում եմ հավատալ մեր ձայնի ուժին»
Էրիկն ասում է՝ իր շրջապատում էլ կան երիտասարդներ, որոնք կարծում են՝ իրենց ձայնն արժեք չունի.
«Նրանք հաճախ կրկնում են՝ «ամեն ինչ նախապես որոշված է»։ Հասկանում եմ՝ հիասթափված են, բայց չեն պատկերացնում, որ եթե այդպես մտածի մեկ, երկու, հարյուր մարդ, գումարային 100 ձայն պարզապես կոչնչանա։ Սա բարդ խնդիր է եւ պետք է աշխատել անտարբերությունն ու այս մոտեցումը հաղթահարելու ուղղությամբ»։
«Ընկերներիս մեծ մասը պատրաստվում է մասնակցել քվեարկությունը։ Նրանց մոտ նույնիսկ հպարտություն եմ նկատում, որ այսուհետ իրենք էլ քվեարկելու իրավունք ունեն։ Ինչ վերաբերում է անտարբեր մոտեցում ունեցողներին, կարծում եմ՝ պետք է շատ զրուցենք, բացատրենք, որ սա կարեւորագույն որոշում է ոչ միայն իրենց, այլեւ՝ հարազատների, ամբողջ երկրի համար։ Սա մեր ապագան է ու մեծ հույս ունեմ, որ այդ ապագան իսկապես կորոշվի ընտրություններով։ Ես ուզում եմ հավատալ մեր ձայնի ուժին», – ասում է Էրիկը։ 
«Հայաստանում բացակայում է առողջ քաղաքական մթնոլորտը»  
Կրթություն, բնապահպանություն, քաղաքաշինություն. սրանք այն ոլորտներն են, որոնք Էրիկը շատ է կարեւորում եւ առավել ուշադիր է հետեւում։ Փորձելով առանձնացնել երկրում առկա դրական եւ բացասական երեւույթներն՝ ասում է.
«Կան երեւույթներ, որոնք դրական են, բայց Հայաստանի դեպքում երկակի իմաստ են ստանում։ Օրինակ՝ խոսքի, արտահայտվելու ազատությունը շատ կարեւոր է, բայց մեզ մոտ հաճախ չարաշահվում է հենց քաղաքական գործիչների, առաջին դեմքերի կողմից՝ վերածվելով վիրավորանքների։ Առհասարակ Հայաստանում առկա մեծագույն խնդիրներից մեկն առողջ քաղաքական մթնոլորտի բացակայությունն է»։ 
Դրական երեւույթներից էլ առանձնացնում է աջակցությունը երիտասարդներին.
«Օրինակ՝ շատ երիտասարդական ծրագրեր իրականացնում ենք տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ»։ 
«Մանկուց սիրում էի հետեւել՝ ինչպես են փոխվում թեկնածուների «թվերը» »
Ընտրությունների վերաբերյալ Էրիկի մանկական հիշողությունները հիմնականում դրական են։ Ասում է՝ մյուս օրերին ընտանիքի անդամները հիմնականում զբաղված էին աշխատանքով, իսկ քվեարկությունն առիթ էր դառնում միասին հավաքվելու համար.
«Սիրում էի պահը, երբ կախում էին ընտրողների ցուցակները։ Կարդում էի, փնտրում ծանոթ անուններ։ Նաեւ հիշում եմ, որ ուշադիր հետեւում էի ձայների հաշվարկին։ Հետաքրքիր էր հետեւել՝ ինչպես են փոխվում թեկնածուների «թվերը» (ժպտում է – հեղ.)»։
Այսօր արդեն չափահաս երիտասարդն իր ընտրությունը կայացնելու է ինքնուրույն։ Ասում է՝ ընտանիքի եւ ընկերների խորհուրդները կարեւոր են, բայց քվեաթերթիկում արվող նշումը պետք է հիմնվի սեփական որոշման վրա։ 
Լինել լավ քաղաքացի
Զրույցի ընթացքում Էրիկը մի քանի անգամ շեշտում է՝ ցանկանում է իր երկրի համար լավ քաղաքացի լինել։ Վերջում հարցնում եմ՝ իսկ ո՞վ է լավ քաղաքացին.
«Լավ քաղաքացին այն մարդն է, որը մտահոգված է իր միջավայրին, համայնքին, երկրին եւ, ընդհանուր առմամբ, աշխարհին վերաբերող կարեւոր հարցերով։ Ընդ որում՝ ոչ միայն մտահոգված է, այլեւ՝ գործում է, քայլեր անում եւ իր թեկուզ փոքր ներդրմամբ փորձում է բարելավել իրավիճակը։ 
Իմ հասակակիցներին խորհուրդ եմ տալիս անպայման մասնակցել կայանալիք ընտրություններին, քանի որ սա իրենց կյանքի կարեւորագույն որոշումներից մեկն է, որից կախված է ոչ միայն իրենց, այլեւ՝ պետության ու տարածաշրջանի ապագան»։ 
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի 

Leave a comment