Վահան Ստեփանյան. Օֆլայն շփումը շքեղություն է դարձել

«Rearrange» փոդքասթի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մեդիամաքսը ներկայացնում է Նարեկ Ամիրխանյանի եւ նրա հյուրերի զրույցների տեքստային տարբերակը՝ առանձնացնելով առավել հետաքրքրիր դրվագները:
 
«Rearrange»-ում «Ռամբալկոշե»-ի հիմնադիր Վահան Ստեփանյանը խոսել է օնլայն/օֆլայն շփումների, երկրում «հավաքվելու տարածքներ» ունենալու անհրաժեշտության եւ այս ամենում պետության դերի մասին: 
«Շատ բաներ հասել են մի կետի, որտեղ պետք է նոր «գմփ» լինի» 
Նկատե՞լ ես, որ 90-ականներին, 2000-ականների հեռախոսներն ու այլ տեխնիկան շատ հետաքրքիր էին՝ իրարից տարբեր, գունավոր: Թե՛ հեռախոսն օգտագործողի, թե՛ այն արտադրողի մոտ կար ինչ-որ մրցակցություն՝ ով ինչ նոր բան կստեղծի: Հիմա, եթե բոլորիս հեռախոսներն իրար կողք դնենք, չենք էլ տարբերի՝ որը որ բրենդինն է: Զգացում կա, որ ամեն ինչը հասել է իր «սահմանին»: Հեռախոս արտադրողների միջեւ միակ պայքարը մի քանի մեգապիքսել ավելի կամերա ստեղծելն է կամ՝ լավացնել էկրանի որակը, ինչը, լայն առումով, սովորական օգտատերը չի էլ զգում: Այսօր շատ բաներ իսկապես հասել են մի կետի, որտեղ պետք է նոր «գմփ» լինի: 
Նույնը սպասվող մարդկային շփման հեղափոխությունն է: Մենք տեսանք՝ ինչպես հայտնվեց ինտերնետն ու շփումն օֆլայնից դարձավ օնլայն: Հիմա այս անվերջ արագությունը, Tik Tok-ն, Instagram-ը հոգնեցնում են ու օֆլայնը սկսում է ընկալվել որպես շքեղություն: Ես մեր բակում տեսա՝ ինչպես երեխաները խաղացին առաջին, երկրորդ, հինգերորդ PlayStation-ով ու երբ չհայտնվեց թարմ բան, նորից սկսեցին իջնել բակ: Մեր՝ մեծերի դեպքում, սա մի քիչ այլ կերպ կլինի, բայց միանշանակ հոգնելու ենք նրանից, ինչ կա: Երբ արհեստական բանականությունը մի քիչ էլ զարգանա, ստի եւ իրականության շեմն էլ ավելի կկոտրվի, մենք ուզելու ենք հետ գալ կետի, որտեղ հնարավոր է մարդուն դիմացդ տեսնել ու շփվել, զրուցել նրա հետ: 
Տարածքներ շփման համար
Երբ խոսում ենք օֆլայն շփման մասին, գալիս է այդ շփման համար անհրաժեշտ տարածքների հարցը: Այսօր շատ երկրներում պարբերաբար քննարկում են այդ տարածքների առկայությունն ու հարց տալիս՝ մարդը քո երկրում ի՞նչ ունի անելու, բացի «հաց ուտելուց»՝ ռեստորաններ, սրճարաններ եւ այլն: 
Կարեւոր է հասկանալ՝ ինչո՞վ է օրվա մեջ զբաղվում 20-ից-30 տարեկանների սերունդը, որը ծնվել է արդեն ինտերնետի ժամանակաշրջանում ու տեսել միայն այսօրվա ժամանակակից հեռախոսները: 
Հատկապես մեր երկրում, քանի որ հնարավորություններից կախված՝ այլ երկրներում իրավիճակը կարող է տարբերվել. կան մեծ այգիներ, գրադարաններ: 
Մեզ մոտ դա չկա, եւ ես միշտ հարցնում եմ՝ օրինակ՝ Թաթայի համերգին գնացած մարդկանց այդ մեծ քանակը ի՞նչ է անում հետո: 
Վերջին շրջանում մեզ մոտ պայմանական նոր ջազ ակումբ չի բացվել, որը մշակույթի վրա կազդեր նույնքան, որքան ժամանակին «Ուլիխանյանը», իսկ բացվողներն էլ հիմնականում փակվում են: Կամ՝ ռոք ակումբներ, այլ վայրեր: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ առհասարակ չկա «ժամանակ անցկացնելու» նարատիվը: 
«Եթե մարդիկ ավելի շատ շփվեն, կծնվեն նոր մտքեր, կլինի համախմբում» 
Շփման հանրային տարածքների հետ կապված ես շատ հստակ օրինակ ունեմ: Հանրապետության հրապարակում Ազգային պատկերասրահի շենքն է՝ փակ քառակուսի, որի ներսում կա մեծ բակ: Այդտեղ նաեւ Պատմության թանգարանն է, Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճը, Գրականության եւ արվեստի թանգարանը: Ցանկացած այլ իրականությունում, օրինակ՝ Վիեննայում, այդ բակը վաղուց կդառնար հանրային կարեւոր կետ, մարդիկ կհավաքվեին, մի թանգարանից կմտնեին մյուսը, կգնային երաժշտություն լսելու: 
Հարց է՝ որքան արագ է հնարավոր լուծել այս խնդիրը: Սա անելը հե՞շտ է, թե՞ այդտեղ գտնվող կառույցներից յուրաքանչյուրը բակը «քաշելու է» իր կողմ: Ու առհասարակ՝ պետությունն ուզո՞ւմ է դա անել: Երբեմն ինձ մոտ հարց է առաջանում՝ երբ պետությունն ինչ-որ բան չի անում, չանելու պատճառը չիմացությո՞ւնն է, թե՞ ցանկության բացակայությունը: 
«Ղեկավար լինելը չի նշանակում ամենախելոքը լինել»
Ղեկավար պաշտոն զբաղեցնելը չի նշանակում, որ պետք է ամենախելոքը լինել: Սա ենթադրում է, որ դու կարող ես լավագույն համակարգողը լինել՝ գտնել խելոքներին, ճանաչել նրանց ու համախմբել տվյալ հարցի շուրջ: 
Դու հաջողում ես, որովհետև քո շուրջ հավաքել ես մարդկանց, որոնց գիտելիքից չես վախենում, իսկ իրենք նույն կերպ չեն վախում քեզնից, կա առողջ քննադատություն, որը երբեք չի վերածվում անձնական վիրավորանքի: 
Ամեն ինչ ունենալու հետեւանքներն ու փորձն առնետների վրա
90-ականներին ստեղծված երաժշտությունն այդպես էլ մնաց լավ երաժշտության վերջին էտապը: Ոչ մի նոր բան չի ստեղծվում, մենք դեռ վերաիմաստավորում ենք: Այո, կա անդերգրաունդ մի երկու խումբ, բայց մասշտաբային բաներ չկան: Մենք ապրել ենք ժամանակներում, երբ սկզբում Prodigy-ն ինչ-որ ալբոմներ թողարկեց, հետո եկավ 2Pac-ը, սա էլ քիչ էր՝ Էմինեմը հայտնվեց: 
90-ականների չարտերը շատ եմ սիրում նայել, որովհետեւ մի ցանկում տեսնում ես «Նիրվանան», «Մետալիկան», Prodigy-ն ու դեռ այսքանից հետո քննարկում՝ Բրիթնի Սփիրսը լա՞վն էր, թե՞ չէ: Բայց Բրիթնի Սփիրսի «Տոքսիկի» նման երաժշտություն, եթե հիմա գրվեր, ուղղակի «կգմփար»: 
Այսօր թվում է՝ դու ամեն ինչ ունես, բայց դա այն չէ: Մի հայտնի փորձարկում կա առնետների վրա, որը շատ լավ ցույց է տալիս սոցիումի էությունը: Փորձի սկզբում առնետներին պահում են լավագույն պայմաններով, ամենահարմար տեղում, անվերջ ուտելիքով. նրանք ոչ մի բանի կարիք չունեն, միայն ուտում են: Արդյունքում, փորձի վերջում բոլոր առնետները մահանում են: Այս անվերջ առատության պայմաններում նրանք որեւէ համակարգ չեն կառուցում, ոչ մի նոր բան չեն ստեղծում, նույնիսկ՝ հրաժարվում են բազմանալ: 

Leave a comment