Մոսկվայում Իրանի դեսպանը հերքել է, որ նոր գերագույն առաջնորդը Ռուսաստանում է

Քաղաքականություն

17.03.2026 | 17:02

Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հերքել է տեղեկությունները, որ երկրի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Ռուսաստանում է՝ բուժման համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Քուվեյթի «Ալ-Ջարիդա» պարբերականն ավելի վաղ հաղորդել էր, որ 56-ամյա Մոջթաբա Խամենեին, ենթադրաբար վիրավոր է, հանգստյան օրերին տեղափոխվել է Մոսկվա՝ բուժման համար։ Կրեմլը հրաժարվել է մեկնաբանել թերթի պնդումները։

«Հեղափոխության գերագույն առաջնորդին Ռուսաստան բուժման համար տեղափոխելու մասին լուրը նոր հոգեբանական պատերազմ է։ Իրանի առաջնորդները կարիք չունեն փախչելու և թաքնվելու ապաստարաններում, նրանց տեղը փողոցներում է՝ ժողովրդի մեջ»,- ասել է իրանցի դիվանագետը։

Մոջթաբա Խամենեին մարտի 8-ին նշանակվելուց ի վեր հանրությանը չի ներկայացել։ Խամենեիի՝ մարտի 12-ին ազգին ուղղված առաջին ուղերձի տեքստն ընթերցել է Իրանի պետական ​​հեռուստատեսության լրատվական հաղորդավարը։

Կիրակի Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Մոջթաբա Խամենեին «լավ առողջական վիճակում է» և «լիովին վերահսկում է իրավիճակը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment