Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ասել է, որ Մերձավոր Արեւելքում հակամարտության սրումը հնարավոր է ազդեցություն ունենա Հայաստանում գնաճի վրա, որը կկազմի 1.2-1.7%։
Նա նշել է, որ Միջին Արեւելքում հակամարտությունը «մի կողմից ավելացնում է տնտեսության դանդաղման ռիսկերը, մյուս կողմից իր մեջ ունի որոշակի ներուժային պոտենցիալ գնաճի ավելացման տեսանկյունից»:
«Դա բավականին անցանկալի երեւույթ է լինելու մեզ համար, որովհետեւ, եթե համաշխարհային տնտեսությունում նկատվելու է տնտեսական ակտիվության անկում, դա անդառնալիորեն ազդելու է Հայաստանի ներսում տնտեսական աճի ու տնտեսական զարգացումների վրա: Եթե արտաքին պահանջարկը նվազեց, բնականաբար, կազդի Հայաստանի տնտեսության արդյունքների վրա։
Դրանք լինելու են ոչ միայն տնտեսական, այլեւ՝ հոգեբանական, օրինակ, մարդիկ՝ տրամադրվել էին, որ այս տարի պետք է այցելեն Հայաստան, տեսնելով, որ Հայաստանի շուրջ զարգացումները գնում են ինչ-որ վատ սցենարներով, կարող է զերծ մնան այս տարի Հայաստան այցելելուց»,- ասուլիսի ժամանակ ասել է ԿԲ նախագահը:
Նա նշել է, որ պոտենցիալ ռիսկերի տեսանկյունից կարող է լինել «հայկական ընկերությունների կողմից Միջին Արեւելքի շուկաներում ապրանքների իրացման հնարավորության սահմանափակումը եւ այդ լոգիստիկ խնդիրների պատճառով՝ արտահանումների սահմանափակումը»։