Վրաց պատրիարք Իլիա 2-րդը հոսպիտալացվել է

Քաղաքականություն

17.03.2026 | 13:17

Վրաստանի 93-ամյա կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդը հոսպիտալացվել է Թբիլիսիում՝ «առողջության հանկարծակի վատթարացման պատճառով»։

«Նորին Սրբություն Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը ներկայում գտնվում է Կովկասյան բժշկական կենտրոնում: Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մենք խնդրում ենք բոլորի աղոթքների աջակցությունը»,- ասվում է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունում։

Պատրիարքի վիճակը վատթարացել է երեքշաբթի երեկոյան: Առողջապահության նախարար Միխեիլ Սարջվելաձեն հայտնել է, որ բոլոր անհրաժեշտ հետազոտություններն ու բժշկական ընթացակարգերն ավարտվել են: Իլյա 2-րդի վիճակը գնահատվում է կայուն, սակայն դեռևս պահանջում է հատուկ ուշադրություն, նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նշել է նախարարը։

Ըստ բժիշկների՝ պատրիարքը հոսպիտալացվել է ստամոքսային արյունահոսությամբ։ Նա ստացել է համապատասխան բժշկական օգնություն, սակայն նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, հեմոդինամիկան անկայուն է։

«Բժշկական միջամտության արդյունքում արյունահոսությունը դադարեցվել է։ Ամեն ինչ արվում է, որ պատրիարքի առողջության համար անհրաժեշտ բոլոր կենսական գործառույթները հնարավորինս արագ վերականգնվեն»,- ասել է Սարջվելաձեն։

Իլիա 2-րդը (աշխարհիկ անունը՝ Իրակլի Գուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին, 1957 թվականին ավարտել է Մոսկվայի հոգևոր ճեմարանը, 1960-ին՝ Մոսկվայի աստվածաբանական ակադեմիան, 1977 թվականին ընտրվել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment