Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը

Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը կանանց Հայաստանի ազգային հավաքականում։ Այդ մասին հայտնում են ՀՖՖ-ից:

«Հարգելի՛ թիմակիցներ և ֆուտբոլասերներ,

Մեր համատեղ ճանապարհը Հայաստանի կանանց ազգային հավաքականում մոտեցավ ավարտին։ Այս ժամանակահատվածը լի էր մարտահրավերներով, հաղթանակներով և անփոխարինելի փորձով։ Սա հեշտ որոշում չէր, սակայն կարծում եմ՝ եկել է պահը։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին՝ կամքի, համառության և ներդրած էներգիայի համար։ Դուք ապացուցեցիք, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում մեծ ներուժ ունի։ Շնորհակալ եմ մարզչական շտաբին և բոլոր աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի և արդյունավետ գործակցության համար։ Շնորհակալ եմ նաև մեր երկրպագուներին, ովքեր անդադար աջակցել են մեզ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության պահին։

Իմ երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ վստահության, տրամադրած հնարավորության և աջակցության համար։

Մեր ֆուտբոլիստներին մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Վստահ եմ, որ նրանք դեռ շատ առիթներ կտան հպարտանալու իրենց խաղով»,- նշել է Ադամյանը։

Արտակ Ադամյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականը տոնել է առաջին պաշտոնական հաղթանակը։ 2024 թ. ապրիլի 9-ին Եվրո-2025-ի որակավորման փուլում մեր ընտրանին 3։2 հաշվով գերազանցել է Բուլղարիային։

ՀՖՖ-ից հիշեցնում են, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2027-ի որակավորման փուլում ընդգրկված է C լիգայի C6 խմբում։ Մեկնարկային խաղում մեր ընտրանին 0:3 հաշվով զիջել է Ղազախստանին: Մեր թիմի հաջորդ հանդիպումը ապրիլի 14-ին է։ Տանը կընդունենք Բելառուսին:

Leave a comment