Արմեն Խաչատրյանը շաբաթներ առաջ գրառում էր արել՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած հայցապահանջին։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանին։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը ստացվել է մարտի 13-ին, մակագրվել Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Գայանե Մազմանյանին։
Վահե Հակոբյանը Արմեն Խաչատրյանից պահանջում է հերքել ֆեյսբուքյան գրառման մեջ հայտնած տվյալները, որոնք, ըստ հայցադիմումի, զրպարտություն են։ Խաչատրյանը գրառումը կատարել էր՝ անդրադառնալով դատախազության ներկայացրած ապօրինի գույքի բռնագանձման պահանջին։
«2020 թվականի պատերազմից հետո, օգտվելով երկրում ստեղծված վիճակից, փորձում էր Սյունիքը դարձնել պետության դեմ պայքարի օջախ և պառակտել երկիրը․․․Ահա թե ինչու էր Վահե Հակոբյանն արմատական ընդիմադիր դարձել և կատաղի պայքար մղում պետության դեմ. գիտեր, որ երկրից և ժողովրդից թալանածը հետ պիտի տար, գիտեր, որ պետությունը մեխանիզմներ է ստեղծում, որով բոլոր գողոնները մի օր վերադարձվելու են»,- նման բովանդակությամբ գրառում էր արել Արմեն Խաչատրյանը՝ տարածելով դատախազության հաղորդագրությունը։
Վահե Հակոբյանը պահանջում է հրապարակավ հերքում և 1 միլիոն ՀՀ դրամ՝ որպես զրպարտության դիմաց վնասի փոխհատուցում։