Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանում էր գտնվում «International Observatory for Democracy in Armenia» (IODA) անվանումով նորաստեղծ նախաձեռնության պատվիրակությունը, որը հայտարարել էր, թե ուսումնասիրում է երկրի ժողովրդավարական պայմանները ընտրություններից առաջ։
IODA-ն ստեղծվել է վերջերս և իր առաջին փաստահավաք առաքելությունն իրականացրել է մարտի 7-12-ը։ Այս առաքելության արդյունքներով պատվիրակության անդամները օրերս ասուլիս են տվել Երևանում, որի ընթացքում հնչել են ոչ ճիշտ հայտարարություններ:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է պատվիրակության անդամների հայտարարությունները և նախաձեռնության գործունեությունը։
Կարապետյանի մասին տվյալը թերի է ներկայացվել
Խմբի անդամ Սառա Լի Ուինսթոնը ասուլիսում ամբողջությամբ չի ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքը։ «Այս պահին ամենահայտնի կուսակցության առաջնորդը՝ Սամվել Կարապետյանը, մնում է տնային կալանքի տակ և շատ դժվար է պատկերացնել, որ կարող է արդար ընտրություն տեղի ունենալ այն պայմաններում, երբ քաղաքական կուսակցության առաջնորդը ընդամենը մեղադրվել է խոսքի հետ կապված իրավախախտման համար և մնում է անազատության մեջ»,- ասել է Ուինսթոնը։
Իրականությունը, սակայն, այլ է․ բացի «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչերի» մեղադրանքից, նրան առաջադրվել է նաև փողերի լվացման մեղադրանք (ՀՀ ՔՕ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետեր)։
Բացի այդ, Կարապետյանը կալանավորվել էր դեռևս 2025 թվականի ամռանը, երբ նա որևէ կուսակցության ղեկավար չէր։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին հայտարարվել է միայն 2026 թվականի փետրվարին։
Այսպիսով, նրա կալանավորման պահին նա քաղաքական կուսակցության ղեկավար չէր։
Մանդատի շրջանակներից դուրս հայտարարություններ
Պատվիրակության անդամներն ասուլիսի սկզբում հայտարարել էին, որ իրենց առաքելության նպատակը Հայաստանի ընտրական միջավայրի գնահատումն է։
Սակայն ավելի ուշ նրանք անդրադարձել են նաև Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային և գնահատականներ հնչեցրել Հայաստանի կառավարության գործողությունների վերաբերյալ։ «Իրականում Հայաստանի կառավարության կողմից գործողություններ չեն ձեռնարկվում պահանջելու այդ բանտարկյալների ազատ արձակումը։ Փաստացի սա դրամա է, ազգային ողբերգություն է»,- հայտարարել էր պատվիրակության անդամ Ֆիլիպ Րաֆֆի Քալֆայանը։ Միաժամանակ նրանք նշել էին, որ այս թեման իրենց առաքելության մանդատից դուրս է։
Քալֆայանի գնահատականը, սակայն, հակասում է Հայաստանի իշխանությունների հրապարակային հայտարարություններին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս Եվրախորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանը փորձում է դիվանագիտական աշխատանքի միջոցով հասնել գերիների վերադարձին։
Իսկ մինչ այդ Հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում էլ նշել էր, որ Բաքվում պահվող հայերի հարցը դեռ օգոստոսի 8-ին է արծարծվել Հայաստան-Միացյալ Նահանգներ քննարկումներում։ «Հարցը եղել է օրակարգում և հարցը քննարկվել է օրակարգում։ Գործնականում վերաբերելի այդպիսի բանակցություն չկա, որ այդ հարցին չանդրադառնանք»,- ասել էր նա։
Բացի այդ, 2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանում պահվող 4 գերիներ վերադարձվել էին Հայաստան։
Ո՞ւմ հետ են հանդիպել IODA-ի ներկայացուցիչները
IODA-ն հայտարարել է, որ հանդիպել է «լայն շրջանակի ներկայացուցիչների հետ»։ Սակայն նախաձեռնության հրապարակած տեղեկություններից երևում է, որ հանդիպել են խորհրդարանական միայն մեկ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամների հետ։ Այլ հանդիպումների մասին տեղեկություն չկա։
Կառավարության և իշխող կուսակցության ներկայացուցիչների, ինչպես նաև քաղհասարակության տարբեր ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկություն չկա, թեպետ, ըստ իրենց հայտարարությունների՝ հանդիպման փորձեր արել են և՛ իշխող կուսակցության անդամների, և՛ քաղհասարակության ներկայացուցիչների հետ։
Նախապես տարածված տեղեկության համաձայն՝ պատվիրակության անդամները ծրագրել են հանդիպել Հայ առաքելական եկեղեցու, ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ինպես նաև Հայաստանում ԱՄՆ, Միացյալ Թագավորության, Ռուսաստանի դեսպանատների ներկայացուցիչների հետ։
IODA-ն և Հայաստանի ընտրությունները
IODA-ն ստեղծվել է բոլորովին վերջերս, և առիթը հայաստանյան ընտրություններն են։ Նախաձեռնության հիմնադիրը ֆրանսահայ իրավաբան Ֆիլիպ Րաֆֆի Քալֆայանն է։ Վերջինը ֆրանսահայ իրավաբան է, միջազգային իրավունքի մասնագետ, նախկինում եղել է International Federation for Human Rights (FIDH)-ի գլխավոր քարտուղարը։ Այժմ նա ակտիվ հոդվածագիր է հայկական սփյուռքի մամուլում և հրապարակում է քաղաքական հոդվածներ Հայաստանի մասին։ Այդ հոդվածներում բացառապես քննադատում է Հայաստանի կառավարությանը։
Նա իր շուրջն է համախմբել միջազգային փորձագետների։ Կազմակերպությունը ֆորմալ գրանցված միջազգային կազմակերպություն չէ։
Պաշտոնապես ներկայացվում է որպես անկախ միջազգային նախաձեռնություն, որը պետք է «դիտարկի և վերլուծի Հայաստանի ժողովրդավարական գործընթացները, քաղաքացիական տարածքը և քաղաքական ինստիտուտների զարգացումը»։
IODA-ի կայքում նշվում է, որ այս փուլում նախաձեռնության ընթացիկ գործունեությունը ֆինանսավորում է «Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն» (ALC) կազմակերպությունը։ Ըստ աղբյուրի՝ նախաձեռնության անդամները ներգրավված են կամավոր հիմունքներով և չեն վարձատրվում իրենց ժամանակի կամ փորձագիտական ներդրման համար։
Ի դեպ, այս նախաձեռնության պաշտոնական կայքի դոմեյնի գրանցման տվյալները ցույց են տալիս, որ այն ստեղծվել է միայն վերջերս՝ 2026 թվականի հունվարին, այսինքն՝ երևանյան ասուլիսից կարճ ժամանակ առաջ։
IODA-ի ֆինանսավորումը և Հայ դատի կազմակերպությունները
Նախաձեռնությունը հայտարարել է, որ իր գործունեության սկզբնական ֆինանսավորումը տրամադրել է Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոն (Armenian Legal Center for Justice and Human Rights/ ALC) կազմակերպությունը։
ALC-ը ստեղծվել է 2016 թվականին Վաշինգտոնում և զբաղվում է միջազգային իրավական նախաձեռնություններով։
Հատկանշական է, որ այս կառույցը ստեղծվել է ANCA Endowment Fund-ի ֆինանսական աջակցութամբ, իսկ այս ֆոնդը ուղիղ առնչություն ունի ԱՄՆ-ում հայկական ամենահայտնի լոբբիստական կառույցներից մեկի՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of America/ ANCA) հետ: ANCA-ն, նկատենք, կապեր ունի Հ․ Յ․ Դաշնակցության հետ, և դրա ներկայացուցիչների մեծ մասը դաշնակցականներ են։
ALC-ի նախագահը Քեն Խաչիկյանն է, որը նախկինում եղել է ANCA-ի ազգային խորհրդի նախագահը, իսկ հայտնի դաշնակցական Կիրո Մանոյանը ALC-ի առաջնային դեմքերից մեկն է՝ խորհրդի անդամ։
Տվյալները ցույց են տալիս, որ IODA-ին ֆինանսավորող ALC-ի ղեկավար կազմում կա ուղիղ կապ ՀՅԴ-ANCA քաղաքական ցանցի հետ։
Ի դեպ, այս նախաձեռնության անդամ փորձագետների մեծ մասը աշխատում են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, այսինքն այն տարածքներում, որտեղ հայկական սփյուռքը շատ է, և Հայ դատի գրասենյակները ակտիվ են։
IODA-ի ասուլիսից հետո մեդիա դաշտում ձևավորված նարատիվները
IODA-ի ասուլիսից ու նրանց հայտարարություններից հետո լրատվամիջոցներում սկսեցին տարածվել Հայաստանի քաղաքական միջավայրի վերաբերյալ երեք ուղղվածության նարատիվներ՝
- Հայաստանում ժողովրդավարությունը վատթարանում է, ընդդիմության դեմ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, դատական համակարգը օգտագործվում է ընդդիմության դեմ
- արտաքին ուժերի միջամտություն ընտրությունների վրա, ԱՄՆ-ի աջակցությունը որոշ քաղաքական ուժերին
- Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը համապատասխանում է Թուրքիայի շահերին։
Այս նարատիվները լայնորեն տարածվել են, չնայած այն հանգամանքին, որ պատվիրակության գործունեությունը նոր է, ֆինանսավորվում է կոնկրետ սփյուռքյան շրջանակներից, և իրական հանդիպումները սահմանափակ էին։
Այսպիսով, «International Observatory for Democracy in Armenia» (IODA) նախաձեռնությունը նորաստեղծ է, ֆորմալ գրանցված միջազգային կազմակերպություն չէ և ֆինանսավորվում է սփյուռքյան կազմակերպությունների միջոցով, որոնցում կան քաղաքական կապեր ՀՅԴ-ANCA ցանցի հետ։ Իր առաջին այցի շրջանակում պատվիրակությունը Հայաստանում հանդիպել է սահմանափակ շրջանակի հայաստանյան ներկայացուցիչների հետ։
Ասուլիսում պատվիրակության անդամների հնչեցրած մի շարք հայտարարություններ ներկայացվել են կիսատ կամ իրականությանը չհամապատասխանող տվյալներ և դուրս են եղել IODA-ի պաշտոնական մանդատից։ Կազմակերպության անդամները հիմնականում կենտրոնացած էին ՀՀ իշխանությունների քննադատության վրա։ Իսկ ասուլիսից հետո մեդիայում տարածված նարատիվները չեն հիմնվել լիարժեք փաստերի վրա։
Հասմիկ Համբարձումյան
The post IODA-ի անդամները Երևանում կրկնել են ընդդիմության խոսույթը․ ի՞նչ են ցույց տալիս փաստերը appeared first on FIP.AM.