Հայաստանի ազատ ոճի ըմբիշները 4 մեդալ նվաճեցին Մ23 Եվրոպայի առաջնությունում – Azat TV

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի երիտասարդական հավաքականը հաջող հանդես եկավ՝ նվաճելով 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկում մեր ըմբիշները զբաղեցրին պատվավոր 3-րդ տեղը։ Չեմպիոնի կոչմանն արժանացավ Լևիկ Միքայելյանը (61 կգ), ով եզրափակիչում 2։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Ջեյհուն Ալլահվերդիևին։ Լևիկը կարիերայում երկրորդ անգամ դարձավ երիտասարդական Եվրոպայի չեմպիոն։ Բրոնզե մեդալներ նվաճեցին Արման Հարությունյանը (57 կգ), Դավիթ Մարգարյանը (70 կգ) և Խաչատուր Խաչատրյանը (125 կգ)։

Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում ընդամենը 40 վայրկյանում հաղթեց Բելառուսը ներկայացնող Ստիապան Մանդրիկին՝ կրկին արժանանալով մեդալի։ Արման Հարությունյանը սփոփիչ գոտեմարտում վստահ հաղթանակ տարավ ուկրաինացի Միկոլա Բրատովի նկատմամբ, իսկ Դավիթ Մարգարյանը բրոնզե մեդալի համար 5։3 հաշվով առավելության հասավ գերմանացի Մարսել Վագինի նկատմամբ։

Leave a comment