Ուիթկոֆը հայտնել է Դմիտրիևի հետ ԱՄՆ-ում հերթական հանդիպման մասին

Քաղաքականություն

12.03.2026 | 12:28

Ռուսաստանի պատվիրակությունը՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ, Ֆլորիդայում բանակցություններ է վարել ամերիկյան պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այսօր Ֆլորիդայում Ռուսաստանի պատվիրակությունը՝ հատուկ դեսպան Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ, հանդիպեց ամերիկյան պատվիրակության հետ, որի կազմում էին հատուկ  բանագնաց Սթիվ Ուիթկոֆը, Ջարեդ Քուշները և Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը»,- գրել է Ուիթկոֆը X սոցիալական ցանցում։

Թրամփի հատուկ բանագնացը որևէ մանրամասն չի հայտնել բանակցությունների բովանդակության մասին, պարզապես նշելով. «Պատվիրակությունները քննարկել են մի շարք հարցեր և համաձայնել են պահպանել կապը»։

«Շնորհակալություն, Սթիվ, Ջարեդ և Ջոշ, արդյունավետ հանդիպման համար»,- պատասխանել է Դմիտրիևը։

Ավելի վաղ Reuters-ը և ՏԱՍՍ-ը հաղորդել էին Դմիտրիևի՝ Ֆլորիդա կատարած հերթական այցի մասին։

Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև եռակողմ բանակցությունների նոր փուլը հետաձգվել էր Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment