Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հայաստանում ֆրանսիական համալսարանը (ՀՖՀՀ)՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ, կազմակերպել էր ամենամյա «Մտքի կանայք, գործի կանայք» միջոցառումը։ Այս տարի այն անցկացվել է նոր՝ Speed Dating ձեւաչափով։
Նախաձեռնության նպատակն էր մասնակիցներին հնարավորություն տալ անձամբ զրուցել տարբեր ոլորտներում ղեկավար պաշտոններ զբաղեցնող ՀՖՀՀ շրջանավարտ կանանց հետ, հարցեր ուղղել նրանց մասնագիտական ուղու, առաջնորդության փորձի եւ հաղթահարված մարտահրավերների մասին։
Մեդիամաքսը ներկա է եղել «Կանայք եւ առաջնորդությունը» խորագրով հանդիպմանը՝ առանձնացնելով դրա հետաքրքիր դրվագներն ու զրուցելով մասնակիցների հետ։
«Կանանց իրավունքների պաշտպանությունը միայն կանանց անելիքը չէ»
Սալվա Նակուզի, ՀՖՀՀ ռեկտոր
Ես կարճ կխոսեմ, քանի որ այսօր ցանկանում ենք լսել մեզ հյուր եկած հաջողակ կանանց։ Մեծ պատիվ է, որ այսօր համալսարանում է նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
Կանանց իրավունքների պաշտպանությունը միայն կանանց գործը չէ։ Այստեղ անելիք ունենք բոլորս, հատկապես՝ տղամարդիկ։ Գիտակցում ենք, որ այս ճանապարհին դեռ շատ քայլեր կան, միեւնույն ժամանակ՝ կարեւորում ցույց տալ կանանց օրինակներ, որոնք արդեն իսկ գրանցել են մեծ հաջողություններ։
Շատ ուրախ ենք, որ այսօր մեզ հետ են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտներ, որոնք առաջատարներ են իրենց ոլորտներում։ Նրանք կիսվելու են իրենց փորձով ներկայիս ուսանողների հետ, եւ ես խորհուրդ եմ տալիս լիարժեք օգտվել այս հնարավորությունից՝ հարցեր տալու եւ մտքեր փոխանակելու համար։
«ՀՖՀՀ-ն իր ուսանողուհիներին զինում է գիտելիքով եւ սերմանում պատասխանատվության զգացում»
Օլիվիե Դըկոտինյի, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան
Բոլոր երկրներում, որտեղ ներկայացրել եմ Ֆրանսիան, հաճելիորեն զարմացել եմ՝ ինչ հաջողությամբ են ֆրանսիական ընկերությունները ներգրավվում կանանց իրենց աշխատանքում եւ պատասխանատու պաշտոններում։ Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է կանանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից:
Այս առումով նշանակալի օրինակ է նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որն արդարացիորեն համարվում է երկրի լավագույն բուհերից մեկը։ Ընդ որում՝ սա ոչ թե իմ կարծիքն է, այլ՝ բազմաթիվ գործատուների։ ՀՖՀՀ-ն զինում է իր ուսանողուհիներին գիտելիքով եւ սերմանում իրենց վրա պատասխանատվություն վերցնելու կարողություն։
Այս Speed dating-ի նպատակը մտքերի փոխանակումն է, որպեսզի այսօրվա ուսանողները կարողանան օգուտ քաղել, խորհուրդնել լսել կանանցից, որոնք արդեն իսկ մեծ փորձառություն ունեն իրենց ոլորտներում։ Հարցեր տվե՛ք, լսեք պատասխաններ եւ, իհարկե, քննարկեք նաեւ ապագան, որովհետեւ այստեղ ներկա բանախոսները նաեւ գործատուներ են։
«Ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն»
Զառա Օհանյան, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (EBRD) խորհրդատվական բլոկի ղեկավար
Հայաստանում ֆրանսիական համալսարանն ավարտելուց հետո աշխատել եմ միջազգային կազմակերպություններում եւ այսօր ուսանողների հետ կիսվում եմ լավագույն փորձով։ Մենք խոսում ենք հաջողության մասին, բայց կարեւոր է գիտակցել՝ հաջողության հետ գալիս է նաեւ մեծ պատասխանատվություն։ Իմ անձնական պատասխանատվությունն է վերադարձնել այն փորձը, որը ստացել եմ, եւ կիսվել դրանով համայնքի հետ։ Այդ պատճառով միշտ սիրով մասնակցում եմ նման նախաձեռնություններին։
Կարծում եմ՝ մեր անձնական օրինակը կարող է ոգեւորել երիտասարդներին եւ այսօր ցանկանում եմ նրանց տալ ամենակարեւոր խորհուրդը՝ չվախենա՛լ։ Պետք է առաջ գնալ եւ կոտրել կարծրատիպերը։ Թեեւ իրավիճակը տարեցտարի բարելավվում է, բայց գիտենք, որ Հայաստանում կնոջ կերպարի հետ կապված դեռ կան կարծրատիպեր։
Միեւնույն ժամանակ, այնքան էլ կողմ չեմ, երբ այս կամ այն միջոցառումը կազմակերպվում է բացառապես կանանց մոտիվացնելու համար։ Կարծում եմ՝ ավելի ճիշտ է ցույց տալ, որ մարդը կարող է լինել լավ մասնագետ եւ պրոֆեսիոնալ՝ անկախ նրանից կին է, թե՝ տղամարդ։ Այսօր էլ մասնակիցների գրանցումը բաց էր եւ կարող էին գալ թե՛ աղջիկները, թե՛ տղաները։ Ցավոք, ունենք միայն երկու տղա մասնակից (ժպտում է – հեղ.)։
Իհարկե, կանանց համար ընտանիք-կարիերա բալանսը պահելը հաճախ ավելի դժվար է։ Երբեմն դա պահանջում է կոմպրոմիսներ՝ վաղ արթնանալ, ուշ քնել։ Բայց միշտ կարելի է լուծումներ գտնել։ Օրինակ՝ «նեթվորքինգային» միջոցառումները հաճախ լինում են երեկոյան, իսկ երբ ունես ընտանիք ու երեխաներ, ցանկանում ես այդ ժամերն անցկացնել նրանց հետ։ Ես իմ լուծումն եմ գտել՝ փորձում եմ կազմակերպել գործնական նախաճաշեր։ Մարդիկ դա նույնպես գնահատում են։
Ինչ վերաբերում է այս տոնի էությանը, ինձ հարազատ մարդիկ գիտեն՝ այդ օրը երբեք ծաղիկներ կամ նվերներ չեմ ակնկալում։ Կարծում եմ՝ կնոջը չպետք է մեծարել տարվա մեջ միայն մեկ օր։ Սա պարզապես եւս մեկ հնարավորություն է խոսելու կարեւոր հարցերի մասին եւ երիտասարդ կանանց ցույց տալու, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա ցանկություն։
«Այսօր կանայք լավ առումով ամբիցիոզ են»
Էլեն Գեղամյան, «Scorpio Creative » մարքեթինգային ընկերության հիմնադիր, տնօրեն
Բիզնես աշխարհում կանանց ներգրավվածության առումով հստակ առաջընթաց եմ տեսնում։ Այսօր շատ ուժեղ կին մասնագետներ ունենք։
Կարծում եմ՝ նման հանդիպումները նաեւ ուսանողներին են ոգեշնչում մտածել կարծրատիպերից դուրս եւ հասկանալ, որ շուկան բաց է։ Եթե ունեք գիտելիք, կարող եք հասնել հաջողությունների։ Այսօր կանայք նաեւ լավ առումով շատ ամբիցիոզ են։
Փորձի փոխանակումը այսպիսի ձեւաչափով շատ արդյունավետ է։ Հիշում եմ՝ ուսանողության տարիներին որքան էի ոգեշնչվում այն մարդկանցից, որոնք արդեն հաջողության էին հասել։
Ինքս չեմ տարբերակում կին եւ տղամարդ առաջնորդների։ Ինձ համար առաջնորդը պարզապես առաջնորդ է։ Բայց կին առաջնորդների դեպքում դժվարությունները երբեմն մի փոքր ավելի շատ են, հատկապես, եթե կա ընտանիք եւ անհրաժեշտ է պահպանել բալանս։
Գործունեությանս սկզբում ես էլ եմ բախվել կարծրատիպերի, այդ մասին կիսվել եմ նաեւ այսօրվա մասնակից ուսանողների հետ։ Հիշում եմ՝ երբ մեր ընկերությունն ակտիվ աճի փուլում էր, գործընկերներիցս մեկն ասաց՝ «կամուսնանաս, երեխա կունենաս, հետո կտեսնենք»։ Դա ինձ համար շոկային էր։ Բարեբախտաբար, ընտանիք կազմելուց հետո ոչինչ չի փոխվել, նույնիսկ ավելի է բարելավվել (ժպտում է – հեղ.)։ Կարծում եմ՝ ամեն ինչ գալիս է մեր մտքերից եւ մոտեցումից։
«Միշտ անել մեկ քայլ առաջ՝ քո հետեւից տանելով նաեւ ուրիշներին»
ատալի Գրիգորյան, ՀՖՀՀ ապագա դիմորդ
Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանող չեմ՝ դեռ (ժպտում է – հեղ.)։ Ապագա դիմորդ եմ, սովորում եմ քոլեջում եւ շատ հետաքրքրված եմ այս բուհով։ Կարելի է ասել՝ Ֆրանսիականի մեծ երկրպագու եմ (ծիծաղում է – հեղ.)։
Հիմա ակտիվ պատրաստվում եմ ընդունելությանը, որպեսզի անպայման այստեղ սովորեմ։ Այս միջոցառման հայտարարությունը տեսնելուց հետո բառացիորեն խնդրել եւ դուրս եմ եկել դասարանից, որպեսզի անմիջապես ուղարկեմ հայտը՝ հույսով, որ կհրավիրեն մասնակցելու։
Այս հանդիպումները մեզ՝ երիտասարդներիս համար շատ կարեւոր են։ Այսօր շատ օգտակար մտքեր եմ տանում ինձ հետ։ Մենք զրուցել ենք առաջնորդ կանանց հետ, որոնք նաեւ ՀՖՀՀ շրջանավարտներ են եւ շատ լավ ներկայացնում են այն հնարավորությունները, որոնք ստեղծում է այստեղ ստացած որակյալ կրթությունը։
Ես պատրաստվում եմ ընդունվել Մարքեթինգի ֆակուլտետ։ Այսօր ներկա կանանցից շատերը հենց այս ոլորտում են հաջողության հասել։ Նրանց հետ թեկուզ կարճ շփումից ես ստացա գործնական խորհուրդներ եւ, ամենակարեւորը, մեծ մոտիվացիա՝ սովորելու, ընդունվելու եւ դառնալու ոլորտի լավ մասնագետ։
Ինձ համար կին առաջնորդը կիրթ, գրագետ, անկախ եւ ինքնուրույն մարդ է, որը կարողանում է ղեկավարել սեփական կյանքը, որոշումներ կայացնել, միշտ անել մեկ քայլ առաջ՝ իր հետեւից տանելով նաեւ ուրիշներին։
«Կին առաջնորդներն ինձ համար ոգեշնչման անսպառ աղբյուր են»
Մերի Գալստյան, ՀՖՀՀ Մարքեթինգի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող
Արդեն երկու տարի սովորում եմ համալսարանում եւ ստացել եմ բավականին շատ տեսական գիտելիք։ Այսօրվա հանդիպումը կարեւոր էր, որովհետեւ ՀՖՀՀ շրջանավարտները՝ հիմա արդեն իրենց ոլորտներում առաջնորդ կանայք, պարզ օրինակներով մեզ ցույց են տվել՝ ինչպես ենք այդ գիտելիքը կիրառելու իրական աշխատանքում։
Սա էլ ավելի է ոգեշնչում սովորել եւ հնարավորինս շատ գիտելիք ստանալ։ Այսօր եւս մեկ անգամ համոզվեցի՝ բուհի ու մասնագիտության առումով ճիշտ ընտրություն եմ կատարել։ Բոլոր բանախոսները զրույցի ընթացքում ընդգծել են «փափուկ հմտությունների» կարեւորությունը, եւ այս առումով մեր համալսարանը առաջատարներից է։
Մենք հնարավորություն ենք ստացել շփվել մարդկանց հետ, որոնք ոչ միայն ոլորտի առաջատար մասնագետներ են, այլեւ՝ գործատուներ։ Նրանք մեզ տվել են շատ գործնական խորհուրդներ՝ ինչին ուշադրություն դարձնել աշխատանքի դիմելիս, ինչպես կազմել լավ CV եւ ինչպես պատրաստվել հարցազրույցի։
Այսօր մեր հասարակությունում ես տեսնում եմ մի շարք կին առաջնորդների եւ ուղղակի հիանում նրանցով։ Գիտակցում եմ՝ որքան դժվար է բալանս պահել ընտանիքի ու կարիերայի միջեւ՝ միեւնույն ժամանակ մնալով շատ կանացի։ Այս մարդիկ ինձ համար ոգեշնչման անսպառ աղբյուր են։
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի