Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով մեկնել է Չիլի, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Խոսե Անտոնիո Կաստի հետ։ Հանդիպման ընթացքում երկու կողմերը կարևորել են ինստիտուցիոնալ և բարեկամական հարաբերությունների պահպանման և զարգացման անհրաժեշտությունը։ Չիլիի նախագահը ընդգծել է, որ վերջին տասնամյակներում երկրում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն պահպանվում է համագործակցության և նոր նախաձեռնությունների պատրաստակամություն՝ հատկապես Հայաստանի հետ։
Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և ընդգծել, որ Հայաստանը մեծ հետաքրքրություն ունի Չիլիի և Հարավային Ամերիկայի երկրների հետ համագործակցության խորացման հարցում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակին, և ՀՀ նախագահը ներկայացրել է ընթացիկ գործընթացների մանրամասները։
Հատուկ ուշադրություն է դարձվել արհեստական բանականության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորություններին, որոնք կարող են նոր և արդյունավետ հարթակ դառնալ երկու երկրների համար։ Հանդիպման ավարտին Վահագն Խաչատուրյանը պաշտոնապես հրավիրել է Չիլիի նախագահին այցելել Հայաստան՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները և զարգացնելու համատեղ ծրագրերը։