Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Վահագն Հովակիմյանը այսօր կայացած ասուլիսում ներկայացրեց կուսակցությունների գրանցման գործընթացը և դրա հետ կապված հիմնական կանոնները։ Նա ընդգծեց, որ կուսակցությունների չգրանցման հիմքը կարող է լինել միայն քաղաքական ուժի ցանկությունը՝ չգրանցվել։ Ըստ Հովակիմյանի՝ եթե քաղաքական ուժը ներկայացնում է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ԿԸՀ-ն չի քննարկում գրանցման մերժման հարցը։ Թերի փաստաթղթերի դեպքում միայն կարող է դրվել քվեարկության, և մերժումը պահանջում է 2/3-րդ ձայներ։ Արհեստական խոչընդոտներ ԿԸՀ-ն չի կարող ստեղծել։
Նա նաև անդրադարձավ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության հրապարակումներին՝ նշելով, որ ԿԸՀ-ն իրավապահ կամ հետախուզական մարմին չէ և նման հրապարակումները գրանցման մերժման հիմք չեն կարող հանդիսանալ։ Վահագն Հովակիմյանը ընդգծեց, որ քաղաքական ուժերի միջև բանավեճերը չեն ազդում ԿԸՀ-ի գործունեության վրա, և գրանցման գործընթացը կատարվում է բացառապես Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։
ԿԸՀ նախագահը խոսեց նաև կուսակցությունների ֆինանսավորման մասին. նախընտրական քարոզչությունը պետք է իրականացվի նախընտրական հիմնադրամների միջոցով, որոնց առավելագույն շեմը ԱԺ ընտրությունների ժամանակ սահմանված է 800 մլն դրամ։ Նվիրատվությունները կարող են կատարել միայն ՀՀ քաղաքացիները, և մեկ անձը մեկ տարվա ընթացքում կարող է նվիրաբերել առավելագույնը 10 մլն դրամ։ Եթե գրանցումից հետո կուսակցությունը խախտում է Ընտրական օրենսգիրքը, ԿԸՀ-ն դիմում է դատարան։