Բրյանսկին ուկրաինական հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհ կա, տուժածների թիվը հասել է 42-ի. հայտարարվել է սգո օր

Քաղաքականություն

11.03.2026 | 14:13

ՌԴ Բրյանսկի «Кремний Эл» միկրոէլեկտրոնիկայի գործարանին ուկրաինական հարվածի հետևանքով վիրավորների թիվը հասել է 42-ի, 6 մարդ զոհվել է։ Այս մասին հայտարարել է Բրյանսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը, գրում է Current time-ը։

Նրա տեղեկացմամբ՝ հիվանդանոց է տեղափոխվել 27 մարդ, այդ թվում՝ մեկ անչափահաս։

«Մոսկվայից Բրյանսկ են ժամանել վերակենդանացման ութ խմբեր։ Որոշում է կայացվել ինը հիվանդների, որոնց վիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր, տեղափոխել մասնագիտացված դաշնային բժշկական կենտրոններ»,- գրել է նա։

Մարտի 11-ը Բրյանսկի մարզում հայտարարվել է սգո օր։

Ուկրաինայի զինված ուժերը մարտի 10-ի երեկոյան Storm Shadow հրթիռներով հարվածել էին գործարանին: Ուկրաինական «Supernova+» ալիքը հայտնել է, որ գործարանի վրա հարվածից հետո տեղի է ունեցել «զինամթերքի պայթյուն»: Հրթիռներից մեկը հարվածել է գործարանի գլխավոր վարչական շենքին, որտեղ գտնվում էին աշխատակիցները, իսկ մյուսը՝ արտադրական օբյեկտներին: Ըստ Astra-ի՝ հարված է հասցվել նաև Բրյանսկի կառավարման և բիզնեսի տեխնիկումին,  որի շենքը գտնվում է գործարանի հարևանությամբ։

Բոգոմազը հայտնել է, որ հրդեհը մարվել է մարտի 10-ի ուշ գիշերը: Հատուկ հանձնաժողովը գնահատում է վնասը։

«Кремний Эл»-ը Ռուսաստանի խոշորագույն միկրոէլեկտրոնիկայի արտադրողներից է: Գործարանի արտադրանքի մեծ մասը Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար է, այդ թվում՝ «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգերի և «Իսկանդեր» հրթիռային համակարգերի բաղադրիչները:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment