Ըստ NYT-ի՝ Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավորվել է ոտքերից․ Իրանում պնդում են՝ «նա առողջ» է

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին պատերազմի առաջին իսկ օրը ոտքի վնասվածքներ է ստացել, և մասամբ այդ պատճառով էլ ընտրվելուց ի վեր հանրության առջև չի հայտնվել կամ որևէ հրապարակային հայտարարություն չի արել, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով իրանական երեք աղբյուրների, գրում է Meduza-ն։

Աղբյուրների համաձայն՝ Խամենեիի վնասվածքի մասին հայտնել են «կառավարական ավելի  բարձրաստիճան պաշտոնյաները»։ Նրանք պնդում են, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը գիտակցության մեջ է և թաքնվում է հատուկ պահպանվող վայրում՝ սահմանափակ կապի միջոցներով։

Իսրայելը նույնպես եզրակացրել է, որ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է փետրվարի 28-ին, հաղորդում է NYT-ը՝ հղում անելով երկու իսրայելցի զինվորական պաշտոնյաների։

Նոր գերագույն հոգևոր առաջնորդի վնասվածքի անուղղակի հաստատումներից մեկը նրա հիշատակումն էր պետական ​​հեռուստատեսությամբ և պետական ​​IRNA լրատվական գործակալությամբ, որտեղ Խամենեին ընտրվելուց հետո անվանվում է  «պատերազմի վիրավոր վետերան», ասվում է հրապարակման մեջ։ «Իմդադ» կոմիտեի՝ ազդեցիկ պետական ​​կրոնական բարեգործական կազմակերպության շնորհավորական հայտարարության մեջ էլ Խամենեին հիշատակվում է պատերազմում վիրավորված վետերանի պարսկերեն տերմինով։

Իրանում հերքում են Խամենեիի վիրավորվելու մասին լուրը: Իսլամական Հանրապետության նախագահի որդին՝ Յուսեֆ Փեզեշքիանը, հայտարարել է, որ նոր գերագույն առաջնորդն առողջ է:

«Ես լսել եմ  պարոն Մոջթաբայի վիրավորվելու մասին լուրը: Ես հարցրել եմ նրա հետ կապի մեջ գտնվող ընկերներին: Նրանք ասացին, որ Աստծո շնորհիվ նա առողջ է, և որևէ խնդիր չկա»,- գրել է նա Telegram-ում մարտի 10-ին:

Իսրայելի «12-րդ ալիքը» մարտի 7-ին հաղորդել էր Մոջթաբա Խամենեիի վիրավորվելու մասին՝ հղում անելով աղբյուրներին: Այդ ժամանակ Մոջթաբա Խամենեին համարվում էր Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնում իր հոր՝ Ալի Խամենեիի փոխարինման հիմնական թեկնածուն, որը սպանվել է փետրվարի 28-ին Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածի ժամանակ։

Մարտի 8-ին Իրանը հայտարարեց նոր գերագույն առաջնորդի ընտրության մասին: Հաջորդ օրը հայտարարվեց նրա անունը․ Ալի Խամենեիի երկրորդ որդին՝ 56-ամյա Մոջթաբա Խամենեին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հավատարմության երդում է տվել նոր գերագույն առաջնորդին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment