Տեսական մտքի հանրային-քաղաքական կյանքի վրա ունեցած ազդեցության մասին Էդուարդ Աբրահամյանն այսօր հետևյալ գրառումն է կատարել ֆեյսբուքյան էջում․
Ի տարբերություն շատ զարգացած, կայացած կամ զարգացող֊կայացած պետությունների` Հայաստանում գերակա է ստերեոտիպային մի տեսակետ առ այն, որ մեզ տեսություններ պետք չեն, մեզ տեսություններով առաջնորդվել պետք չի, իբր մենք իրատես իրականության հետ գործ ունենք։ Մենք իզմերով չենք առաջնորդվում, ինչպես ժամանակին ասում ու հիմա էլ ասում են կառավարող վերնախավի ներկայացուցիչներ։
Մինչդեռ տեսություններն ու հայեցակարգերը հենց իրական կյանքի մասին են և իրական կյանքից գիտելիքի կուտակման, դրա համակարգման մասին են։ Իրական կյանքը խորապես ընկալելու արդյունք են, սիստեմատիկ ռեֆլեքսիայի արդյունք են։
Մինչդեռ առանց տեսությունների իմացության հնարավոր չէ առանց ստերեոտիպների խորապես հասկանալ, բացատրել բարդ աշխարհը ու նույնիսկ կանխատեսել գործընթացները, միջավայրը, գլոբալ ու ռեգիոնալ քաղաքականությունները։
Տեսությունները գիտակցաբար կամ անգիտակից ազդում են որոշում կայացնեղների մտածելակերպի վրա։
Ինտելեկտուալ, բանական, տրամաբանող մարդն ըստ էության homus theoreticus է։ Նա չի կարող հասկանալ իր միջավայրը, աշխարհը առանց գիտելիքի կուտակման, կուտակված գիտելիքի հայեցակարգման ու տեսականացման, որն էլ իր հերթին կամ հուշում է հասկանալ իրական կյանքի այլոց քայլերը կամ վերլուծել իրական կյանքի հնարավոր դինամիկան ու տենդենցները։
Մարդկանց պետք են կոնցեպտներ ու տեսություններ աշխարհում ու կյանքում նավիգացիայի համար, և առավել ևս պետություն կառավարողներին ու որոշում կայացնողներին։ Իրենց ինտելեկտուալ կարողություններից է կախված որքանով են նրանք հասկանում կոնցեպտներ, տեսություններ և ինչպես են դրանք կիրառում իրական կյանքում` հասկանալու համար բարդ աշխարհն ու անելիքը։ Այդ թվում դրանով էլ որոշվում է պետության հաջությունն ու անհաջող լինելը։
Միջազգային հարաբերությունների մշտապես զարգացող տեսություններն ու հայեցակարգերը ոչ միայն վերլուծական գործիքներ ու գործիքակազմ են։ Վերջիններս օգնում են ճիշտ հասկանալ աշխարհի քաղաքական կառուցվածքը, վարքագծային մոդելներն ու գործող կամ փոփոխվող խաղի կանոնները։
Որպես միջազգային հարաբորությունների մասնագետ ու տեսաբան ընդգծեմ, որ պետության արտաքին քաղաքականությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով արդյունավետ լինել չի կարող, եթե այդ քաղաքականության որոշում կայացնեղները ոչինչ չգիտեն, կամ գրեթե ոչինչ չգիտեն միջազգային հարաբերությունների տեսությունների ու տեսական/կոնցեպտուալ մոտեցումների մասին։
Բոլոր պետությունները` մի տեղ շատ, մյուս տեղ ավելի քիչ, ենթարկվում են նույն համալիր-համակարգային ու կառուցվածքային կանոններին։ Դրանցից դուրս հնարավոր չէ ունենալ պետություն որպես սոցիալական-ազգային ամենաբարձր կոնստրուկտ։
Տեսությունները ձևավորում են մտածելակերպ, մտածելակերպերը` քաղաքականություն, հաճախ ստացված, հաճախ` վիճարկելի արդյունքներով։ Բայց դրանց մեջ են պետության հարատևման, հզորացման, ճիշտ պահին գործելու, խուսանավելու և մրցունակ լինելու բանաձևերն ու բանալիները։