Ի՞նչ կարող է շահել Հայաստանը․ Տիգրան Դումիկյան

«Ի՞նչ կարող է շահել Հայաստանը

Աշխարհի բազմաթիվ երկրներում իրականացվում են հատուկ ծրագրեր, որոնց նպատակն է մատչելի պայմաններով բնակարաններով ապահովել հատկապես այն քաղաքացիներին, ովքեր դժվարանում են բնակարան ձեռք բերել ազատ շուկայում։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ սեփական բնակարան ունեցող ընտանիքներում զգալիորեն բարելավվում են առողջական պայմանները, նվազում է աղքատության ռիսկը և բարձրանում է կյանքի ընդհանուր որակը։ Շատ դեպքերում երիտասարդ ընտանիքները հետաձգում են ամուսնությունը կամ երեխաների ծնունդը, քանի որ չունեն սեփական բնակարան կամ բնակարանային պայմանները բավարար չեն։ Այդ պատճառով մի շարք պետություններ սոցիալական բնակարանային ծրագրերը ուղղում են հատկապես երիտասարդ ու բազմազավակ ընտանիքներին՝ խրախուսելով ծնելիության աճը և ապահովելով ժողովրդագրական կայունություն։

Օրինակ՝ Սինգապուրում մատչելի բնակապահովման ծրագրերը գործում են դեռևս անցած դարի 60-ական թվականներից, և, 2025 թվականի տվյալներով, դրանցից օգտվում է բնակչության արդեն շուրջ 80 տոկոսը։ Եվրոպայում մի շարք երկրներ ևս ունեն զարգացած սոցիալական բնակարանային համակարգեր։

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, որտեղ սոցիալական բնակարանաշինության ծրագիրը («Vienna Social Housing Model») հիմնադրվել է 1920-ականների սկզբին, հաճախ նշվում է որպես աշխարհի լավագույն օրինակներից մեկը․այստեղ բնակարանների զգալի մասը սոցիալական կամ սուբսիդավորված է։ Շատ հետաքրքիր փորձ ունի նաև Շվեդիան, որտեղ 1965 թվականին իշխանության եկած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը սկսեց մեկ միլիոն բնակարան կառուցելու ծրագիրը («The Million Programme»)։ Այդ ծրագիրը նախատեսում էր այն ժամանակ մոտ 8 միլիոն բնակչություն ունեցող երկրի համար 10 տարվա ընթացքում կառուցել մեկ միլիոն սոցիալական բնակարան, և այն հաջողությամբ իրականացվեց։

Մատչելի բնակարանների ձեռքբերման լայն համակարգեր են գործում նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդեռլանդներում և ԱՄՆ-ում, որտեղ պետությունը տարբեր ծրագրերի միջոցով աջակցում է ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին՝ տրամադրելով վարձակալության սուբսիդիաներ կամ ֆինանսավորում բնակարանի գնման կամ բնակարանաշինության համար։ Այս փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ ու հետևողական պետական քաղաքականությունը կարող է ապահովել բնակարանների մատչելիությունը և պահպանել շուկայի կայունությունը։

Հայաստանում բնակարանային քաղաքականությունը վերջին տարիներին որոշակի ակտիվություն է ցուցաբերել, սակայն այն հիմնականում կենտրոնացած է հիփոթեքային վարկավորման խթանման վրա։ Ամենահայտնի ծրագիրը եկամտահարկի վերադարձի մեխանիզմն է, որը հնարավորություն է տալիս հիփոթեքային վարկ ստացած քաղաքացիներին վերադարձնել եկամտահարկի մի մասը։ Այս ծրագիրը խթանել է շինարարության ոլորտի զարգացումը և բազմաթիվ ընտանիքների հնարավորություն տվել ձեռք բերել բնակարան։ Այնուամենայնիվ, այս մեխանիզմը հիմնականում հասանելի է միջին և ավելի բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների համար, քանի որ պահանջում է կայուն եկամուտ և վարկային հնարավորություն։ Արդյունքում բազմաթիվ ընտանիքներ և ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներ շարունակում են մնալ բնակարան ձեռք բերելու հնարավորությունից դուրս։

Իշխանությունների անգործությունն այս հարցում ևս գերազանցում է բոլոր սպասելիքները։ Մի կողմից, եկամտահարկի օրենքում կատարված փոփոխության պատճառով Երևան քաղաքում ունենք արհեստականորեն խթանված մեծ բնակարանաշինություն, որտեղ, սակայն, կա իրացման լուրջ խնդիր, մյուս կողմից՝ թեկուզ մայրաքաղաքում՝ հազարավոր ցածր եկամուտներ և բնակարանային կարիք ունեցող քաղաքացիներ, որոնց խնդիրները շարունակում են միայն խորանալ։

Իրավիճակը մեծապես կարող է փոխել ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջարկած ծրագիրը, որը նախատեսում է առաջիկա 5 տարիներին ապահովել շուրջ 20 հազար մատչելի բնակարան՝ երիտասարդ, 2 ու ավելի երեխաներ ունեցող ընտանիքների համար և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։

Նման նախաձեռնությունն առաջին հերթին կունենա կարևոր ժողովրդագրական ազդեցություն, քանի որ երբ երիտասարդ ընտանիքներն ունեն սեփական բնակարան ձեռք բերելու հնարավորություն, նրանք ավելի մեծ վստահությամբ են որոշում ունենալ երեխաներ և կառուցել իրենց երկարաժամկետ ապագան սեփական երկրում։ Սա կարող է նպաստել ծնելիության աճին և արտագաղթի նվազմանը, ինչը Հայաստանի համար ռազմավարական խնդիր է։

Բացի այդ, ծրագրի կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակարանաշինության մեծ մասը նախատեսվում է իրականացնել մարզերում։ Տարիներ շարունակ Հայաստանի բնակչության զգալի մասը կենտրոնացել է Երևանում, ինչի հետևանքով մարզերում տնտեսական ակտիվությունը զգալիորեն թուլացել է, իսկ իրավիճակը փոխելու ուղղությամբ պետական մակարդակով բավարար քայլեր չեն ձեռնարկվել։ Այս նախաձեռնության շնորհիվ քաղաքացիները հնարավորություն կունենան բնակարան ձեռք բերել իրենց հայրենի բնակավայրերում՝ չհեռանալով արդեն ձևավորված սոցիալական միջավայրից։ Այսինքն, ծրագիրը կարող է միաժամանակ լուծել թե՛ սոցիալական, թե՛ տարածքային զարգացման խնդիրներ՝ նպաստելով մարզերի կենսունակության պահպանմանը և երկրի համաչափ զարգացմանը»։

Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան

–00—ՅՄ

Leave a comment