Ռուսաստանը պատրաստ է քննարկելու իր մասնակցությունը «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) հայ-ամերիկյան նախագծին։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան հետևում է նախաձեռնության զարգացմանը, որի գործնական մանրամասները «նոր են սկսում պարզ դառնալ»։
«Մենք պատրաստ ենք քննարկելու այս նախաձեռնությանը միանալու հնարավորությունը` հաշվի առնելով, ի թիվս այլնի, Ռուսաստանի և Հայաստանի միջև շատ սերտ համագործակցությունը՝ Հայաստանի Հանրապետությունում երկաթուղային հատվածը կոնցեսիոն պայմանագրով պահպանելու և զարգացնելու գործում»,- ասել է Կոպիրկինը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն առաջատար դիրք է գրավել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հաղորդակցությունների ապաշրջափակման և երկրների միջև հարաբերությունների ընդհանուր կարգավորման գործում։
Դեսպանի խոսքով՝ տրանսպորտի ոլորտում համագործակցությունը պետք է լինի «փոխշահավետ և արդարացի» և հաշվի առնի տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների շահերը։