ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News
ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը նիստ է գումարել՝ արձագանքելով 24News-ի հոդվածին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստին քննարկվել է հարց, որ նախապես ընդգրկված չի եղել օրակարգում։
Ինստիուտի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նիստում, ի շարս այլ հարցերի, քննարկվել է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած «Նպատակային ծրագրեր – 2027» մրցույթին հայտեր ներկայացնելու հարցը։ Հաշվի առնելով, որ Պատմության ինստիտուտում տասնամյակներ շարունակ իրականացվում են Հայաստանի բնակավայրերի պատմությանը նվիրված հետազոտություններ և առկա է համապատասխան գիտական ներուժ, առաջարկվել է պատրաստել գիտահետազոտական ծրագրի հայտ և մասնակցել «Նպատակային ծրագրեր – 2027» մրցույթին՝ նպատակ ունենալով կատարել համապարփակ ուսումնասիրություն ՀՀ բնակավայրերի պատմության վերաբերյալ։
Առաջարկվել է ծրագիրն իրականացնել ՀՀ Կադաստրի կոմիտեի հետ համագործակցությամբ, քանի որ հետազոտության արդյունքները կարող էին օգտագործվել Կադաստրի կոմիտեի պատրաստած ՀՀ Ազգային գեոպորտալի «Աշխարհագրական անվանումների պետական քարտադարան»-ի տվյալներն առավել ամբողջական դարձնելու նպատակով: Նախատեսվել է ծրագրում ընդգրկել ոչ միայն Պատմության ինստիտուտի, այլև գիտահետազոտական այլ հաստատությունների մասնագետներին։
Նշվում է, թե քննարկված գիտական ծրագիրը պատրաստված չի եղել Կադաստրի կոմիտեի կողմից: Ինչ վերաբերում է բնակավայրերի «հին անուններին», ապա ոլորտին ծանոթ յուրաքանչյուր պատմաբան գիտի, որ Հայաստանի հնագույն տեղանունները հայկական են, որովհետև Հայկական լեռնաշխարհում հազարամյակներ շարունակ ապրել և սեփական ուրույն քաղաքակրթությունն են կերտել հայերը։
Առաջարկվող ծրագրի նպատակը լինելու էր այս հանգամանքի շեշտադրումը։
Քննարկման ընթացքում հնչել են կարծիքներ թեմայի կարևորության, ինչպես նաև հետազոտողների փոքրաթիվ խմբով նման ծավալուն ծրագիր իրականացնելու դժվարության մասին, ուստի մրցույթին մասնակցելու դիմում չի ուղարկվել:
–00—ՅՄ